ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, չնայած Շանհայում ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությանը, պահպանում է Իսպանիայում կայանալիք Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը, նախօրեին Շանհայում անցկացված Մեծ Սաղավարտի շախմատի մրցույթի նախավերջին՝ հինգերորդ տուրում ռուսաստանցուն հաջողվել է պարտության մատնել Արոնյանին:
Մեկ այլ հանդիպման ժամանակ իսպանացի գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը պարտության է մատնել Վան Խաոյին և կրելով երրորդ անընդմեջ հաղթանակը՝ ժամանակից շուտ հաղթող է ճանաչվել:
Վերջին տուրից առաջ Շիրովը վաստակել է 11 միավոր, Կրամնիկն ու Արոնյանը՝ 6-ական միավոր, Վան Խաոն՝ 2 միավոր:
Վեցերորդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Շիրովի հետ, Կրամնիկը՝ Վան Խաոյի հետ:
Շանհայում կազմակերպված մրցաշարն անցկացվում է երկու շրջանով, այն կտևի սեպտեմբերի 3-8-ը:
Շանհայում հաղթած երկու շախմատիստները աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի և համաշխարհային վարկանիշի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ միասին կմասնակցեն հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաոյում անցկացվելիք Մեծ Սաղավարտի եզրափակչին:-0-
