ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առանց մուտքի արտոնագրի ԱՄՆ մուտք գործելու իրավունք ունեցող օտարերկրացիները երկիր մուտք գործելուց առաջ չորեքշաբթի օրվանից պետք է վճարեն ոչ թե 10, այլ 14 դոլար:
«ԱՄՆ մաքսային և սահմանային վարչությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ից Ներքին անվտանգության նախարարությունը հավելյալ գումար է գանձելու այն անձանցից, ում համար մուտքի արտոնագիր չի պահանջվում...», - նշվում է վարչության տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չորս դոլարի չափով գումարը կուղղվի սահմանը հատող անձանց հաշվառման էլեկտրոնային համակարգի ապահովման ծախսերը հոգալուն և կգանձվի 2009 թ.-ին սահմանված 10 դոլարի հետ միասին», - պարզաբանում է գերատեսչությունը:
Տասնչորս դոլար պետք է վճարեն այն անձինք, ովքեր ԱՄՆ են մուտք գործում 90 օրից ոչ ավելի ժամկետով: Այն անձինք, ովքեր մտադիր են երկրի տարածքում ավելի երկրար ժամանակ մնալ, պետք է մուտքի արտոնագիր ստանան:
Առանց մուտք արտոնագրի երեք ամիս ժամկետով ԱՄՆ կարող են մուտք գործել Գերմանիայի, Անդորրայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Դանիայի, Իսպանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Լիխտեյնշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոնակոյի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Սենտ-Մարտինի, Սինգապուրի, Սլովենիայի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Բրունեի քաղաքացիները:-0-
