ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեքսիկական ծոցի Mariner Energy ընկերության հարթակին տեղի ունեցած միջադեպը խուճապ է առաջացրել ԱՄՆ-ի Բրիթիշ Փեթրոլյում ընկերության հարթակում տեղի ունեցած խոշորագույն վթարից դեռևս չկազդուրված մարդկանց շրջանում, ինչը կարող է դանդաղեցնել նավթի հորատումը մերձափնյա ափերում:
Mariner Energy հարթակում հինգշաբթի հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է, բոլոր 13 բանվորները տարհանվել են: Վերջին տվյալներով, ոչ ոք չի տուժել և դեպի օվկիանոս նավթի արտահոսք չի եղել: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
«Սա ոչինչ է: Փոքրիկ մի բան՝ BP արտահոսքի համեմատ: Այնուամենայնիվ սա հերթական անհաջողությունն է»,- ասել է Oppenheimer & Co վերլուծաբան Ֆեյդել Հայթը` նոր հարձակումներ կանխատեսելով ԱՄՆ նավթարդյունավերության վրա, որը լճացման վիճակում է Բրիթիշ Փեթրոլյումի պլատֆորմում տեղի ունեցած վթարից հետո: Սկզբում ԶԼՄ-ներում հակասական լուրեր էին պտտվում, ընդ որում, դատելով ֆորումներից, ամերիկացիներն ավելի շատ հավատում էին բնապահպանական նոր աղետի «վատ լուրերին»:
Նորությունը ցնցեց տեղեկատվական դաշտը` հերթական վթարը տեղի ունեցավ Deepwater Horizon տխրահռչակ պլատֆորմից 200 մղոն դեպի արևմուտք: Ապրիլին տեղի ունեցած պայթյունին հետևեց 36-ժամանոց հրդեհ, 11 մարդ զոհվեց: Այնուհետև սկսված նավթի արտահոսքը կազմեց 4,9 միլիոն բարել: Մեքսիկական ծոցում տեղի ունեցած ապրիլյան պատահարը վթարային խոշորագույն նավթի արտահոսքն էր ԱՄՆ-ում:
Նավթագործները, փորձելով զսպել ամերիկացիների խուճապը, պնդում են, թե ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 100 նմանատիպ պատահար է լինում:
«Սա (Mariner Energy-ի վթարը( սովորական արդյունաբերական միջադեպ է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած ձեռնարկությունում, որտեղ գազ և նավթ կա»,- հայտարարել է Hercules Offshore Inc նավթարդյունահանող օֆշորային ընկերության ղեկավար Ջիմ Նոեն:
Սակայն հերթական վթարը կարող է առիթ հանդիսանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար` BP պլատֆորմում ապրիլին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեքսիկական ծոցում նավթի հորատման արգելքի երկարացման վերաբերյալ:
«Այդ պայթյունը պակաս հավանական կդարձնի օֆշորային հորատման արգելքից հրաժարվելը»,- Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Energy Security Analysis ընկերության գլխավոր վերլուծաբան Ռիկ Մյուլլերի խոսքերը:
Միջանկյալ խորհրդարանական ընտրություններով զբաղված քաղաքական գործիչներն ակտիվ արձագանքեցին բնապահպանական հերթական աղետից վախեցած շարքային ամերիկացիների զգազմունքային պոռթկմանը: Եվ հանրապետականների, և դեմոկրատների ներկայացուցիչները օգտվեցին միջադեպից, որպեսզի արգելքի երկարացում պահանջեն:
Թեև Մեքսիկական ծոցում գործող ընկերություններն, ըստ Business Week-ի տվյալների, ապահովում են ԱՄՆ-ի նավթի պահանջարկի գրեթե մեկ երրորդը: Հորատման դադարեցումը ծոցի ջրերում գործազուրկ դարձրեց ավելի քան 23 հազար ամերիկացիների:
Հորատման ժամանակավոր դադարեցումը վերջին անգամ սահմանվել է մինչև 2010 թվականի նեյոմբերի 30-ը: Առաջին անգամ ԱՄՆ նախագահը Մեքսիկական ծոցում հորատման և հանքավայրերի մշակման նոր արտոնագրեերի հանձնման արգելք է մտցրել, նավթարդյունահանող ընկերությունների փուլը բողոքարկել է այդ որոշումը Նոր Օրլեանի դատարանում: ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր հերթին բողոքարկել է վճիռը դաշնային վերաքննիչ դատարանում:
«Դադարն անհրաժեշտ է, որպեսզի նավթային և գազային ընկերությունները նախևառաջ խորության վրա հորատման հետ կապված անվտանգության անհրաժեշտ քայլերը ձեռնարկեն ռիսկի նվազեցման համար և պատրաստ լինեն պայթյունների և արտահոսքերի դեպքերին»,- ասվում էր նախարարության հաղորդագրությունում:
Barclays Capital-ի հաշվարկներով, արդեն մտցված արգելքը կհանգեցնի ԱՄՆ-ում ներդրումների աճի և նավթային հանքավայրերի յուրացման համար անհրաժեշտ արտադրական ծախսերի դանդաղեցմանը: Նրանց կանխատեսումներով, 2010 թվականին ԱՄՆ-ում նավթարդյունահանման ներդրումներն ու ծախսերը կկրճատվեն 1,6 մլրդ դոլարով:
BP-ից բացի, տարածաշրջանի առաջատար խաղացողներ են նաև Royal Dutch Shell և Chevron-ը: Anadarko-ի հետ միասին նրանց բաժին է ընկնում 2009 թվականին ծոցում արդյունահանված նավթի ծավալի կեսը: Վերլուծաբաններն ակնկալում են, որ ամերիկյան իշխանությունները կխստացնեն անվտանգության պահանջները, ինչը կհանգեցնի ընկերությունների ծախսերի աճին և նավթի գների աճին: Արգելքի հետևանքները կարող են տարածվել նաև նավթի համաշխարհային շուկայի վրա, կարծում են փորձագետները: -0-
