ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլի քաղաքապետ Քագիր Տոմբաշը հայտարարել է, որ անհրաժեշտ է սեյսմիկ անվտանգության արտակարգ միջոցներ ձեռնարկել Բոսֆորի ափին գտնվող 15 միլիոնանոց քաղաքում 7,5 մագնիտուդով երկրաշարժին նախապատրաստվելու համար, չորեքշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԶԼՄ-ներին:
Երկուշաբթի Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ գավառում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 51 մարդ է զոհվել:
6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Անկարայից 550 կմ հեռավորության վրա Երևանի ժամանակով ժամը 4:32-ին և զգացվել է արևելյան Թուրքիայի շատ շրջաններում: Հզոր ստորգետնյա ցնցման հետևանքով երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող շրջաններում ամբողջովին ավերվել են տասնյակ տներ, բազմաթիվ շինություններում ճաքեր են առաջացել: Առաջին երկրաշարժից հետո Էլյազիգ գավառում մեկ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 40 ստորգետնյա ցնցում, այդ թվում նաև՝ երեք ցնցում 5,5, 5,1 և 5,3 մագնիտուդով, իր կայքում տեղեկացրել է Բոսֆորի համալսարանի սեյսմիկ կենտրոնը:
«Ստամբուլի երկրաշարժը կկործանի Թուրքիան: Անհրաժեշտ է հրատապ հատուկ օրենք ընդունել սեյսմիկ անվտանգության մասին, ես այդ հարցը կքննարկեմ վարչապետի հետ»,- ասել է խոշորագույն քաղաքի ղեկավարը «Աքշամ» թերթին տված հարցազրույցում:
Թուրքական և արտասահմանյան սեյսմոլոգները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ 30 տարվա ընթացքում Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, որտեղ գտնվում է Ստամբուլը, երկրաշարժ են կանխատեսում: Նրանք նշում են, որ յոթ և ավելի բալանոց երկրաշարժի հավանականությունը 65 տոկոս է:
Ըստ քաղաքապետի, 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում Ստամբուլում կզոհվի 10-ից 30 հազար մարդ, շուրջ 230 հազարը վնասվածքներ կստանա, որոնցից 60 հազարը կհոսպիտալացվի, ընդ որում 30 հազարը՝ ծանր վիճակում:-0-
