ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեքշաբթի «Արդարություն և զարգացում» կուսակցության իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին «ողջամտություն» դրսևորել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում, հայտնում է Asbarez-ը՝ հղումով թուրքական Hurriet-ին:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ԱՄՆ Կոնգրեսում կքննարկվի մարտի 4-ին:
«Հուսով եմ, որ Ներկայացուցիչների պալատը կղեկավարվի ողջախոհությամբ այդ հարցում, որը պետք է թողնվի պատմաբանների քննարկմանը»,- հայտնում է Asbarez-ը՝ մեջբերելով Էրդողանին:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է թերթը, վարչապետը հույս է հայտնել, որ «տվյալ նախաձեռնությունը ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»:
Էրդողանն ասել է, որ չի կասկածում Օբամայի հեղինակությանը ու խելամտությանը, որը մանրազնին հետևում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին:
Ըստ վարչապետի՝ տվյալ հարցը քննարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ իր հանդիպման ժամանակ:
Էրդողանը նշեց նաև, որ ավելի ճիշտ կլինի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պահանջները հետազոտել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարններում ու արխիվներում, հայտնում է Asbarez-ը: -0-
