ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում արձանագրում է, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով, սակայն վերջնական գնահատական կուսակցությունը դեռևս չի տալիս:
««Ժառանգության» նախընտրական շտաբն արձանագրում է, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով, ընտրակաշառքների և կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- նշվում է «Նովոստի-Արմենիա» ստացված հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար:
«Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի որոշ համայնքներում և անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպեսև որոշ մարզպետների կողմից»,- ասվում է փաստաթղթում:
Ըստ «Ժառանգության»՝ մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան տների և բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում Երևանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ:
«Ժառանգությունը» հիմնավոր կասկածներ ունի, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական և «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր:
Ըստ կուսակցության՝ նույն ընտրախախտման ապահովման էր միտված քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում:
«Ու թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպեսև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Կուսակցության նախընտրական շտաբը հայտնում է, որ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսև ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո իրենք վերջնական գնահատական կտան թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը, և թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես:--0--
