ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար. ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ Հայաստանը հսկայական քայլ է կատարել դեպի առաջ: Իմ կարծիքով՝ բոլոր նախադրյալները կան արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար»,- կարծում է դեսպանը:
Շմիդտը նշեց, որ ուսումնասիրելով դիտորդների մոնիտորինգի տվյալները, որոնք վերաբերում են մինչև քարոզարշավի սկիզբը և դրանից հետո ընկած ժամանակահատվածը, դրանք բավականին դրական է համարում:
«Հարկ է նշել, որ հայկական ԶԼՄ-ները բոլոր քաղաքական ուժերին լուսաբանել են հավասարաչափ: Կարծում եմ, որ այս անգամ ընտրություններից առաջ հայ ընտրողները բավականին ինֆորմացված են, որպեսզի կողմնորոշվեն, թե ում տան իրենց ձայնը»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ պակաս դեր ունեցան տարբեր քաղաքական ուժերի միջև անցկացված բանավեճերը:
Շմիդտն ընգծեց օմբուդսմենի կարևոր դերը և թեժ գծերի առկայությունը, որոնք նպաստում են ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--
