ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների «հաղթական ընտրացուցակ» է նախապատրաստում, ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայաստանում ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին:
«Մեր կուսակցության հիմնական նպատակը միասնական «հաղթական ընտրացուցակի» ստեղծումն է, ինչն ընտրություններում հաղթանակ կապահովի, և նման արդյունքի հասնելու համար կուսակցության անդամները պատրաստ են գնալ առավելագույն զիջումների և փոխզիջումների»,- ասաց նա:
Ըստ նրա, կան արժանի մարդիկ, ովքեր կարող են ընդգրկվել «Ժառանգություն» կուսակցության ցուցակում, ինչպես աշխատանքով իրենց պրոֆեսիոնալիզմն ապացուցած պատգամավորներ, այնպես էլ երիտասարդության և մտավորականության ներկայացուցիչներ:
Հովհաննիսյանը նշեց, որ նախընտրական ցուցակն առայժմ քննարկման փուլում է և, հավանաբար, կհստակեցվի կուսակցության՝ մարտի 2-ի համագումարում:
Նա միաժամանակ ընդգծեց, որ ինքն անձամբ կուսակցական ցուցակը գլխավորելու կամ ցուցակում որևէ այլ տեղ զբաղեցնելու հավակնություններ չունի, և անհրաժեշտության դեպքում նա ընտրացուցակում իր տեղը կզիջի:
Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ «Ժառանգության» նախընտրական շտաբի կազմակերպման հարցը նույնպես չի քննարկվել: -0-
