ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը կառաջարկի զգուշավոր դիրքորոշում զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի հարցում, կարծում է Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի (ԵԱՖ) տնօրեն, քաղաքագետ Մարատ Տերտերովը:
«ԵՄ-ն այդքան էլ հակված չէ հանդես գալ որպես միջնորդ Կովկասում ծագող ճգնաժամային իրավիճակներում, այդ թվում նաև Ղարաբաղի հարցում», - «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց հարցազրույցի ժամանակ ասել է Տերտերովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նրա խոսքերով՝ 2008 թ.-ին Վրաստանի և Ռուսաստանի միջև ծագած հակամարտությունն ավելի շուտ «ամենաբարձր մակարդակում ֆրանսիական դիվանագիտության գործն էր, որը, հնարավոր է, կանխել է Թբիլիսի ռուսական զորքերի ներխուժումը», չնայած այն փաստին, որ Վրաստանը ողջունում էր հենց ԵՄ-ի, այլ ոչ թե Ֆրանսիայի միջամտությունը:
Տերտերովը նաև հիշեցրել է, որ Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին իր ծառայության գրեթե հինգ տարվա ընթացքում ոչ մի անգամ չի այցելել Ստեփանակերտ՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը կընկալի այդ այցը որպես ԵՄ-ի կողմից Ղարաբաղը ճանաչելու նշան և չկա որևէ նախանշան, որ նրա իրավահաջորդ Ֆիլիպ Լեֆորտը կարող է ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնել:
«Բրյուսելը կշարունակի շատ զգույշ դիրքորոշում զբաղեցնել Ղարաբաղի հարցում, և չեմ կարծում, որ մոտ ապագայում ինքնորոշման հետ կապված Կոսովոյի փորձը կկիրառվի այդ անկլավում, եթե իհարկե ԱՄՆ-ն կամ նրա նման մեկը գործընթաց չնախաձեռնի», - ասել է Տերտերովը:
Նա պարզաբանել է, որ Կոսովոն գտնվում է «շատ ավելի մոտ նրանց տանը», ովքեր ԵՄ-ում հարևանության քաղաքականության հարցերի շուրջ որոշումներ են ընդունում և կապ ունի քաղաքականության և դիվանագիտության հետ Սերբիայի՝ որպես ԵՄ անդամի, թեկնածության քննարկման գործընթացում:
«Եվրոպան հնարավորինս ձգտում է սահմանափակել քաղաքական ճգնաժամի, քաղաքական անկայանության մասշտաբներն ու այդ ամենի հետ կապված փախստականների խնդիրները սեփական «հետնաբակում»», - ասել է Տերտերովը:
«Այս համատեքստում նախկին Հարավսլավիան շատ ավելի մոտ է ԵՄ-ին, քան Ղարաբաղը, և Ռուսաստանը շատ ավելի քիչ ազդեցություն ունի Բալկաններում, քան Կովկասում», - նշել է փորձագետը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
