ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հասարակության մարտական ոգին այսօր այնքան բարձր մակարդակի վրա չէ, որքան 20 տարի առաջ, սակայն անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կփոխվի, կարծում է ղարաբաղյան պատերազմի վետերան, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Դրա պատճառն, ըստ երևույթին, այն հանգամանքն է, որ հիմա պատերազմ չկա, սակայն անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կփոխվի»,- ասաց Եղիազարյանը:
Նրա խոսքերով՝ մարտական ոգին ամեն մի հայ տղամարդու մեջ է, և այն պետք է պարզապես արթնացնել:
«Արաբո» ջոկատի հրամանատարը նշեց, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի հայկական բանակը օրեցօր ավելի լավը դառնա՝ հայ զինվորի և հայ սպայի կերպար ստեղծելով, ինչը կնպաստի հայկական բանակի հեղինակության ամրապնդմանը:
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ նա նշեց, որ դրանով Ադրբեջանը ձգտում էր խուճապ առաջացնել հայկական հասարակության մեջ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
