ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովի քննարկմանն առաջարկած «Ադրբեջանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և միջազգային չափորոշիչների պահպանումը» բանաձևն ընդգրկվել է հինգշաբթի կայանալիք ԳՎ 117-րդ համագումարի օրակարգում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից։
Երևանում բանաձևը հակահայկական են համարում։ Ինչպես օգոստոսի 30-ին Ստեփանակերտում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս՝ Ղարաբաղի մասին բանաձև ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը: Նախագահի խոսքերով՝ ակնհայտ է, որ հայկական կողմը պատասխան քայլեր կձեռնարկի, «և այդ քայլերը կմոտեցնեն մեզ մեր նպատակներին»:
«Ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում», - ասել է Սարգսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
