ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում կոչ արեց միջնորդներին օգտագործել իրենց ներուժն Ադրբեջանին դեպի կառուցողական դաշտ բերելու համար, հաղորդում է ԼՂՀ աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) չորեքշաբթի Ղարաբաղ են ժամանել Ադրբեջանից։
«Սահակյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մտահոգություններ են առաջացնում, լուրջ վտանգ ներկայացնելով ինչպես տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը նշեցին, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է՝ ընդգծելով, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ այն այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:
Կողմերը ադրբեջանաղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել։
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
