ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Էկզոտիկ կենդանիների «Էկզոտարիում» ցուցահանդես է անցկացվում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ցուցահանդեսի աշխատակից Լևոն Հակոբյանը:
Ըստ նրա, ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները՝ օձեր, սողուններ, կրիա, կոկորդիլոս, թութակներ, ականջավոր ոզնի, սպիտակաքիթ կապիկ, գետնասկյուռներ, մանգուստներ, բերվել են Երևանից:
«Սրանք կենսաբան Կարեն Մարտիրոսյանի՝ ներկայում նաև Երևանում ցուցադրվող մասնավոր հավաքածուի ցուցանմուշներն են»,- ասաց Հակոբյանը:
«Ցուցահանդեսն իրենից գիտահանրամատչելի դաստիարակչական հսկայական միջոցառում է ներկայացնում, որն առաջին անգամ է կազմակերպվում Լեռնային Ղարաբաղում: Երևանում արդեն ցուցադրվում է երկու տարի: Մենք առաջին անգամ չենք Հայաստանի մայրաքաղաքի սահմաններից դուրս գալիս և որոշեցինք այս անգամ անպայման այցելել Ղարաբաղ»,- նշեց Հակոբյանը:
Նա ավելացրեց, որ, արտասովոր լինելով ղարաբաղցիների համար, ցուցահանդեսը բավական լավ անակնկնալ դարձավ Ստեփանակերտի բնակիչների, հատկապես, երեխաների համար, ովքեր հիացմունքով են այցելում ցուցահանդես:
«Մենք այցելուներին հնարավորություն ենք ընձեռում լուսանկարվելու գրեթե բոլոր ցուցանմուշների հետ: Մեզ մոտ ցուցադրվում են մոտ 40 տեսակի էկզոտիկ կենդանիներ: Օրական ցուցահանդես է այցելում 50-70 մարդ, հիմնականում, այցելությունների մեծ մասը բաժին է ընկնում օրվա երկրորդ կեսին»,- ասաց Հակոբյանը, հավելելով, որ ցուցահանդեսը Ստեփանակերտում կշարունակվի մինչև հոկտեմբերի վերջ: -0-
