ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումների վերջին դեպքերը ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ են, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված ձեռնամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների, նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
Սա արդեն ադրբեջանական ԶՈՒ երրորդ դիվերսիոն ակցիան է Ղարաբաղում վերջին երկու ամիսների ընթացքում։
«Ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է»,- ընդգծել է Ղարաբաղի Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր հրամանատարը՝ երկուշաբթի հանդես գալով Պաշտպանության բանակի Ռազմական խորհրդի նիստի ընթացքում:
«Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,-ասել է Նախագահը:
Նա բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:
Իր խոսքում Նախագահը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ, «և դրա համար ոչինչ չի խնայվի»:
ակո Սահակյանն այնուհետև նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձ պահել նաև զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ:
Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգևներ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
