ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հրադադրի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժնից։
«Ադրբեջանի ԶՈՒ առաջնային ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրազենից, դիպուկահար զենքից և գնդացիրներից ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի հենակետերի ուղղությամբ ավելի քան 5000 կրակոց է արձակվել»,- նշվում է հաղորդագրությունում։
Առավել ինտենսիվ կրակահերթերն արձանագրվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններով։
Միայն Վերին Չայլու գյուղի առաջնային գծի ուղղությամբ առավոտյան ժամը հինգի սահմաններում հակառակորդն ավելի քան 600 փամփուշտ է արձակել «ԴՇԿ» և «ՊԿ» տեսակի գնդացիրներից և մոտ 300 փամփուշտ «ԱԿ» ինքնաձիգներից։
Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջնային ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։ Ղարաբաղյան կողմը կորուստ չի ունեցել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 06։50-ի սահմաններում Ադրբեջանի և ԼՂՀ ԶՈՒ շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձ է արձանագրվել։
Սա արդեն Ղարաբաղում ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն երրորդ ակցիան է վերջին երկու ամսվա ընթացքում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
