ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկրորդ հայ-ադրբեջանական պատերազմի հավանականությունը չափազանց քիչ է, կարծում է Ստամբուլում Բոգազիչի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզկանը (Behlul Ozkan):
«Ադրբեջանը գազով և նավթով կապված է Թուրքիայի և արտաքին աշխարհի հետ, և ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա ինչ-որ պատերազմի պատճառով վտանգել արտաքին աշխարհի հետ ունեցած կապերը կամ գազի և նավթի գները, այդ պատճառով ես կարծում եմ, որ պատերազմի հավանականությունը քիչ է»,- հինգշաբթի լրագրողներին ասաց նա:
Այդ կապակցությամբ Օզկանը նշեց, որ թուրք-ադրբեջանական մտերմությունը չի խախտի Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող հավասարակշռությունը:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 16-ին ռազմավարական գործընկերության և փոխօգնության (մինչև Նախիջևանում կայան տեղակայելու հնարավորություն) մասին պայմանագիր են կնքել:
«Ռազմական համագործակցությունն թուրք-ադրբեջանական հարաբերություններում ամենազարգացածներից մեկն է և ադրբեջանական բանակի պատրաստված լինելու մեջ Թուրքիան կարևոր մասնակցություն ունի, բայց չեմ կարծում,որ այդ պայմանագիրն ինչ-որ նոր բան կավելացնի կամ կփոխի»,- ասաց Օզկանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:-0-
