ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է, նշվում է ԼՂՀ Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ում նշվում է ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձը:
«Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, և այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները», - նշվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Սարգսյանը, շնորհավորելով «բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ», մաղթել է խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, «իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն և առաջընթաց»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
