SELECTORNEWS
Загрузка...

11:08
9/02/2012
Հնագետները նոր գտածոների մասին են հայտարարում
16:25 | 23/ 08/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արցախյան Տիգրանակերտի պեղումների ժամանակ 2010թ.-ին հնագույն քաղաքի թաղամաս, գերեզմանատուն և պղնձե մետաղադրամներ են հայտնաբերվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

Արցախյան Տիգրանակերտի պեղումների հերթական փուլը սկսվել է հունիսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 25-ը։ 2010 թ. Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում: Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը: Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները: Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ:

Ըստ Պետրոսյանի, ընթացիկ տարում պեղումներն անցկացվում են ոչ միայն ամրացված և կենտրոնական, այլ նաև հինգ այլ թաղամասերում։

«Կենտրոնական թաղամասից վերև,  լեռան գագաթին, մենք քաղաքի նոր հսկայական թաղամաս ենք գտել, որի պեղումների արդյունքում կերամիկայից պատրաստված հիանալի իրեր ենք հայտնաբերվել։ Թաղամասը երկմետրանոց մշակութային շերտ ունի»,- նշեց Պետրոսյանը։

Արշավախմբի ղեկավարը հայտնեց, որ պեղումների ժամանակ հին գերեզմանատուն է հայտնաբերվել։

«Գերեզմանատան պեղումներին ժամանակ նաև երկու պղնձե մետաղադրամներ են հայտնաբերվել։ Ավելի մանրամասն ուսումնասիրության համար դրանք Երևան կուղղվեն։ Արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի կեսերին»,- ասաց Պետրոսյանը։

Պեղումների ֆինանսավորումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, կազմակերպչական աշխատանքները համակարգում են ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունը և «Տիգրանակերտի արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են 2005 թ.-ից: Աշխատանքների առաջին տարում ճշտվել էր քաղաքի կոնկրետ գտնվելու վայրը, իսկ 2006թ.-ին իրականացվել են պեղումներ քաղաքի և դրա շրջակա միջավայրի տարբեր մասերում, որոնք ի հայտ են բերել միջնաբերդի մի մասը, քաղաքի ամրացված մասերից մեկի հիմնապատը, կենտրոնական շրջանում գտնվող վաղքրիստոնեական բազիլիկան։

Պեղումները վկայում են այն մասին, որ Տիգրանակերտը կառուցվել է միասնական պլանի հիման վրա և կատարյալ կառուցապատմամբ հզոր քաղաք-ամրոց է, ունեցել է քաղաքային բարձր մշակույթ և դարերի ընթացքում պահպանել է հայկական պատկերը-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»