ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունն ունի լուծում, և խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ, հինգշաբթի Երևանում ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ զեկուցող և Վրաստանի հարցերով հատուկ հանձնարարությունների դեսպան Գորան Լենմարկերը:
«Հակամարտության մանրամասն լուծումը գոյություն չունի, չեմ կարծում, որ անելու շատ բան է մնացել: Խնդիրը գտնվում է քաղաքական հարթության վրա: Անհրաժեշտ է հասկանալ, որ լուծումը կարևոր է և պետք է պատրաստ լինել ներպետական բանավեճի: Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ համապատասխան վերաբերմունք ձևավորվի», - ասաց Լենմարկերը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում:
Նրա խոսքերով, հայկական կողմը հակամարտության լուծման կամք ունի: «Դա ոչ միայն իմ, այլև գործընթացին հետևող մարդկանց կարծիքն է: Ուզում եմ հուսալ, որ նմանատիպ պատրաստակամություն կառաջանա նաև ադրբեջանական կողմի մոտ», - նշեց Լենմարկերը:
ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցողի խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի սառեցված համարել, քանի որ դա ապակողմնորոշող պնդում է: «Հակամարտությունը կյանքի նշաններ է ցույց տալիս: Ամեն տարի առաջնային գծում զոհվում է 20-30 մարդ, իսկ դա նշանակում է, որ հակամարտությունը լուրջ լարվածություն է առաջացնում երկու երկրներում, դառնում է տնտեսական բեռի պատճառ, հանգեցնում է քաղաքական հետևանքների, կողմերից խլում է էներգիա և եռանդ: Երիտասարդությունը պետք է ուսանի և աշխատի, այլ ոչ թե գտնվի խրամատներում: Դա վկայում է, որ երկու կողմերն էլ պետք է լուծում գտնեն», - ասաց Լենմարկերը:
Միաժամանակ նա նշեց, որ լուծումը չի կարող դրսից բերվել, և արտաքին ուժերը կարող են միայն օգնել և աջակցել հակամարտող կողմերին:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթակը Մինսկի գործընթացն է, և այլ հարթություններ, օրինակ՝ ՄԱԿ կամ Եվրոպայի Խորհուրդ, խնդիրը տեղափոխելու փորձերը սխալ են», - նշեց ԵԱՀԿ ԽՎ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորումը նշանակում է, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար և հաշվի առնի հասարակության և բնակչության դիրքորոշումը:
«Հայկական կողմի համար կարևոր է ապահովել և երաշխավորել հայկական բնակչության անվտանգությունը, դա լուծման հիմնական տարրերից մեկն է, և Ադրբեջանը պետք է հասկանա դա: Հայկական կողմն էլ իր հերթին պետք է հասկանա Ադրբեջանի դիրքորոշումը, որն իրեն զգում է «ագրեսիայի» և անարդարության զոհ», - նշեց Լենմարկերը:
Միաժամանակ նա ավելացրեց, որ հակամարտությունը չի կարելի օգտագործել ատելություն և թշնամություն սերմանելու համար: «Այս խնդիրն ինձ անհանգստացնում է ավելի շատ Ադրբեջանում, քան Հայաստանում», - ասաց ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը:
Նա չբացառեց այն հնարավորությունը, որ հակամարտող կողմերի որոշ խմբեր կարող են «բուռն կերպով դիմակայել» հակամարտության լուծմանը: Միաժամանակ նա կոչ արեց հասարակական կարծիքն ու հասարակությունը ձևավորող մարդկանց աջակցել իշխանություններին խաղաղ գործընթացի շարունակության գործում:
«Հակամարտության լուծումն անհրաժեշտ է գտնել որքան հնարավոր է շուտ, այլ ոչ թե հեռավոր ապագայում: Ես նույնիսկ չեմ խոսում մոտ ապագայի մասին», - ասաց Լենմարկերն՝ ավելացնելով, որ դա առաջին հերթին կփրկի առաջնային գծում կանգնած մարդկանց կյանքերը՝ չխոսելով արդեն այլ խնդիրների լուծման մասին:-0-
