ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ ներկայացուցիչը նպատակահարմար չի համարում ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ղարաբաղի մասնակցությունը:
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է պահպանել գոյություն ունեցող ձևաչափն և բանակցությունների մեջ չներառել նոր մասնակիցների: Անհրաժեշտ է փորձել լուծում գտնել գոյություն ունեցող ձևաչափում», - ասաց նա՝ հինգշաբթի ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի բացմանը:
Լենմարկերը նշեց, որ Հայաստանի և ներկայիս, և նախկին նախագահները ծնունդով Լեռնային Ղարաբաղից են և որոշակի աստիճանով ներկայացնում են Ղարաբաղը:
«Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը, այսպես թե այնպես, ներկայացված է բանակցություններում, քանի որ բանակցություններին մասնակցում են մարդիկ, ովքեր շատ մոտ են կանգնած նրան, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում», - ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
