ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հյուսիսային Օսեթիայի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՌԴ ՔՕ երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում նաև՝ «ահաբեկչություն» հատկանիշով, նշվում է ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի (ԴՔԿ) տեղեկատվության մեջ, որը հինգշաբթի տեղադրվել է գերատեսչության կայքում:
Հինգշաբթի առավոտյան Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով ավելի քան ութ մարդ է զոհվել, վիրավորների թիվը ճշտվում է: Նախնական տվյալների համաձայն, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շուկայի մուտքի մոտ կայանած ավտոմեքենայում: Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածում են, որ շուկայի տարածքում կայանած ևս մեկ մեքենայի մեջ կարող է ռումբ լինել:
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 11:20-ին Վլադիկավկազ քաղաքի կենտրոնական շուկայի մուտք մոտ՝ Զանաևա փողոցի վրա, անհայտ մի անձ պայթեցրել է կայանած ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավելի քան հինգ մարդ զոհվել է, տասից ավելին տուժել են: Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն), 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկու և ավել անձանց սպանություն) և 222-րդ հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով», - նշվում է տեղեկատվության մեջ:
Այժմ ականազերծողները շուկայի մոտ կայանած մի քանի մեքենաներում պայթուցիկ նյութեր են փնտրում:
Հյուսիսային Օսեթիայի ԴՔԿ-ի տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով առաջացած ձագարաձև փոսն ունի 1,5 մետր տրամագիծ և շուրջ 70 սմ խորություն:-0-
