Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը
«Նովոստի-Արմենիա». «Կարոտ» հայկական երրորդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած հայեր, այս անգամ առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Ինչպիսի՞ն կլինի այդ միջոցառման ծրագիրը:
Մ.Իգիթյան. Իսկապես, սովորաբար «Կարոտ» հայկական միջազային փառատոնն անցկացվում էր Մոսկվայում, բայց այս տարի այն կանցկացվի Հայաստանում և Արցախում սեպտեմբերի երկուսից յոթը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացումը նշանակված է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի երկուսին` հանրապետության անկախության օրը: Այդ օրն Արցախում ավանդաբար հիշատակի տարբեր միջոցառումներ են անցկացվում, մեծարում են հանրապետության անկախության համար իրենց կյանքը զոհած հերոսներին: Այդ պատճառով Արցախի և Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի ղեկավարությունները որոշում ընդունեցին «Կարոտ» փառատոնը մեկնարկել սեպտեմբերի երկուսին:
Այդ օրը նախատեսված է նաև աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու` բրոնզե խատուտիկի տեսք ունեցող «Բարության Խորհրդանիշ» հուշարձանի բացումը: Նմանատիպ հուշարձաններ արդեն կանգնեցվել են աշխարհի ինը երկրներում, մասնավորապես, Ավստրիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Չինաստանում: Թվով տասներորդ հուշարձանը կկանգնեցվի Ստեփանակերտում, և դրա բացմանը ներկա կլինի նաև ինքը հեղինակը:
Այդ հուշարձանի բացմամբ մեկնարկ կտրվի բաց երկնքի տակ Փառատոնային Վերնիսաժին, որտեղ կցուցադրվեն աշխարհի տարբեր երկրների, Հայաստանից և Արցախից հավաքված նկարիչների աշխատանքները:
Այնուհետև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում 15 հազար հանդիսատեսների ներկայությամբ կսկսվի «Կարոտ» փառատոնի հանդիսավոր բացումը և հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի Love Each Other (Սիրիր մերձավորիդ) միջազգային նախագծի գալա համերգը, որին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Սիրիայից, Լիբանանից և աշխարհի այլ երկրներից:
Համերգի ընթացքում նախագծի մասնակիցները կկատարեն կոմպոզիտորի հայտնի և նոր ստեղծագործությունները: Love Each Other նախագիծն աշխարհի բոլոր ժողովուրդների միաբանության ձևերից է: Երաժիշտների խնդիրն է երաժշտության միջոցով Երկրի վրա խաղաղության պահպանման գործում սեփական լուման դնելու ցանկություն արթնացնել յուրաքանչյուր մարդու հոգում:
Սա մի բացառիկ նախագիծ է, որը պայքար է քարոզում հանուն խաղաղության, որը դատապարտում է բռնությունը, ահաբեկությունը և հակամարտությունները ռասայական, կրոնական և ազգային հիմքի վրա, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված, տարբեր լեզուներով խոսող երաժիշտները գործիքային երաժշտության միջոցով ասում են մեկ բան` «Մենք մեկ ընտանիք ենք, հոգատար եղեք միմյանց նկատմամբ»:
Սեպտեմբերի 3-ից «Կարոտ» փառատոնը կշարունակվի Հայաստանի տարածքում: Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում հանրաճանաչ հայ դերասան Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր «Ճակատագրի կատակները» ծրագիրը, իսկ սեպտեմբերի 4-ին կկայանա «Կարոտ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և «Կարոտ» գալա համերգը բաց երկնքի տակ:
Փառատոնի ընթացքում կներկայացվի Դոնիցետիի «Զանգակ» օպերա-բուֆը Ղազարոս Սարյանի` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային առընթեր ստուդիայի բեմադրությամբ:
Սեպտեմբերի յոթին տեղի կունենա եկեղեցու օծում Ադրբեջանին սահմանակից Մովսես գյուղում: Գյուղում եկեղեցի չի եղել` վանքն ավերվել է Հայաստանի խորհրդայնացման ժամանակաշրջանում, իսկ ներկայում ռուսաստանաբնակ հայ բարերարի աջակցության շնորհիվ նոր եկեղեցի է կառուցվել:
Մենք ակնկալում ենք նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի ժամանումը:
«Նովոստի-Արմենիա». Դեպարդեյից բացի, ո՞վ կլինի փառատոնի հյուրը:
Մ.Իգիթյան. Այս տարի փառատոնի պատվավոր հյուրեր և մասնակիցներ կլինեն արվեստի և մշակույթի հայտնի գործիչներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Մասնավորապես, հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով «Դատարանն է գալիս» ներկայացմամբ Երևան է ժամանում Մոսկվայի հայկական թատրոնը՝ Սլավա Ստեփանյանի գլխավորությամբ: Ներկայացման մեջ հանդես են գալիս Ռուսաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ Ալեքսեյ Պետրենկոն, Էմանուիլ Վիտորգանը, Իգոր Կոստոլևսկին և այլոք:
Սեպտեմբերի վեցին փառատոնի շրջանակներում Երևանում կանցկացվի ռուսական և հայկական պոեզիային նվիրված երեկո, որին կմասնակցեն հայտնի արտիստներ և ասմունքողներ Հայաստանից և Ռուսաստանից:
«Նովոստի-Արմենիա». «Կարոտ» փառատոնի շրջանակներում սովորաբար անվանական պարգևներ են շնորհվում: Ո՞վ այս տարի կարժանանա «Կարոտ» մրցանակի:
Մ.Իգիթյան. Ըստ ավանդության, փառատոնի գլխավոր իրադարձությունը «Կարոտ» մրցանակների հանձնումն է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մշակույթի, արվեստի, գիտության, սպորտի և այլ ոլորտների ականավոր գործիչներին, հայ ժողովրդի բարեկամներին, այն մարդկանց, ում ստեղծագործությունը կապված է Հայաստանի հետ, ով իր գործունեությամբ ավանդ է ներդրել հայկական և համաշխարհային մշակույթում:
«Կարոտ» մրցանակի են արժանացել Շառլ Ազնավուրը, Սոս Սարգսյանը, Իոսիֆ Կոբզոնը, Անդրեյ Բիտովը, Նիկիտա Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Շավարշ Կարապետյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Աբրահամը:
Նշեմ մի քանի անուններ, ում այս տարի մրցանակ կտրվի` կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյան և Էդվարդ Միրզոյան, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյան, Հայաստանի ժոովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյան, դերասան և ասմունքող Վլադիմիր Աբաջյան:
«Նովոստի-Արմենիա». Ծրագրվում է, արդյո՞ք, «Կարոտ» փառատոնի միջոցառումներ անցկացնել Հայաստանի և ԼՂՀ այլ քաղաքներում:
Մ.Իգիթյան. Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և Ստեփանակերտում: Կարծում եմ, որ հաջորդ անգամ, երբ մենք որոշենք «Կարոտ» փառատոնն անցկացնել Հայաստանում, կընդգրկվեն Հայաստանի նաև մյուս քաղաքները:
«Նովոստի-Արմենիա». Պատմեք, խնդրեմ, «Կարոտ» նախորդ փառատոների մասին, որոնք անցկացվել են Մոսկվայում:
Մ.Իգիթյան. «Կարոտ» առաջին հայկական միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից, հանդիսավոր կերպով բացվել է Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևի կողմից 2008 թվականի մայիսի 16-ին` Կրեմլի Պետական Պալատում: Միջոցառման շրջանակներում հուշատախտակ է բացվել կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի տանը, տեղի են ունեցել Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական համույթի հոբելյանական ելույթները Ռուսական բանակի թատրոնում, Սայաթ-Նովա աշուղական երգի պետական համույթի ելույթները Գիտնականների Տանը, Կինոյի Տանն տեղի է ունեցել «Քրիստոնեական Հայաստան» ֆիլմի պրեմիերան, գրական երեկո է անցկացվել Գրականագետների Կենտրոնական տանը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի շնորհանդեսը Ա.Սահրատյանի թարգմանությամբ, ինչպես նաև ըստ Պերճ Զեյթունցյանի պիեսի «Դատարանն է գալիս» բեմադրությունը Արմեն Ջիգարխանյանի թատրոնում:
«Կարոտ» երկրորդ հայկական միջազգային փառատոնն անցկացվել է Մոսկվայում 2009 թվականի նոյեմբերի 23-27-ը: Փառատոնի շրջանակներում բացվել է «XX դարի կուռքեր» ֆոտոցուցահանդեսը, հանդիպումներ են անցկացվել մշակույթի գործիչների հետ, տեղի է ունեցել «Կարոտ-Միասին» բելառուսական փառատոնի հաղթողների գալա համերգը, «Աշուղ Ջիվանի ստեղծագործությունը» երեկոն: Բացի այդ, ներկայացվել է Սոս Սարգսյանի «Պատռված ժամանակ» գիրքը, բացվել է ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի /Հովհաննես Իսակյան/ կիսանդրին, որը Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը նվիրաբերել է Մոսկվայի 1941-1945 թթ. Հայրենական Մեծ Պատերազմի թանգարանին:
Պետք է ասեմ, որ Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հիմնական նպատակը մեր մշակույթի ավանդույթների պահպանումն է սփյուռքահայության շրջանում և հայկական համայնքներ ունեցող երկրների բնակիչներին Հայաստանի մշակույթին և արվեստին ծանոթացնելը:
«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ծրագրեր է նախատեսում Հիմնադրամն այս տարի:
Մ.Իգիթյան. Նախորդ տարի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամն ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանում ականավոր հայ նկարիչ Մինասի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանը, Բելառուսի հայկական համայնքի հետ համատեղ Բելառուսում անցկացրել է «Կարոտ-Միասին» փառատոնը:
Մենք տարբեր երկրներից և շրջաններից առաջարկներ ենք ստանում «Կարոտ» փառատոնը տեղական մակարդակով անցկացնելու վերաբերյալ: Մենք, անկասկած, կօժանդակենք դրան: Օրինակ, Սիբիրի հայերը ցանկություն են հայտնել իրենց մոտ անցկացնել փառատոնը` Կրասնոյարսկում կամ Իրկուտսկում: Ի դեպ, սիբիրյան «Կարոտը» կարող է անցկացվել արդեն հաջորդ տարի: Կարելի է պնդել, որ մի յուրատեսակ «կարոտային» շարժում է սկսվում:
«Կարոտ» փառատոնը կարող է նաև ուղեգիր հանդիսանալ տաղանդավոր մարդկանց համար, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Եղիազար Ֆարաշյանի հետ Բելառուսից, ով մասնակցել էր Մինսկի «Կարոտ-Միասին» փառատոնին: Մենք հրավիրեցինք նրան Մոսկվայի «Կարոտին», որտեղ նա հաՆդես է եկել Երաժշտության միջազգային տանը, իսկ երկու ամիս անց մեկ այլ եռյակի կազմում նրան ընտրեցին Եվրատեսիլ 2010-ին մասնակցելու համար:
Անկեղծ համեստությամբ կարող եմ ասել, որ «Կարոտ» փառատոնի հաջողությունը ցույց տվեց նմանատիպ ձևաչափի և բովանդակության միջոցառումների անհրաժեշտությունն ու մարդկանց պահանջված լինելը:
«Կարոտ» փառատոնի կազմակերպիչը` Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը, հետագայում էլ հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայկական մեծաթիվ սփյուռքում հայկական ինքնության, մշակույթի և լեզվի ավանդույթների պահպանման համար: -0-
