ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հսկայական քայլ է արել ընտրությունների անցկացման ժողովրդավարական չափորոշիչներին մոտենալու ուղղությամբ, հատկապես օրենսդրական դաշտում, ուրբաթ լրագրողներին ասաց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Լոգվինենկոն:
«Այսօր մենք հանդիպում ենք ունեցել Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ և բավարարվածությամբ նշել, որ Հայաստանը օրենսդրական դաշտում հսկայական քայլ է կատարել ժողովրդավարական չափորոշիչներին մոտենալու ուղղությամբ»,- ասաց նա:
Լոգվինենկոն ընդգծեց, որ այդ առաջընթացը նշել են նաև ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--
