ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տիրոջ Կենդանարար Խաչի Վերադարձի և Փառաբանության տոնը, որ այս տարի նշվում է սեպտեմբերի 12-ին, ուրախության, ցնծության և կյանքի օր է, և մահացածներին հիշել այդ օրը պետք չէ, ուրբաթ լրագրողներին ասաց Երևանի Արաբկիրի եկեղեցու սպասավոր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
«Մենք կոչ ենք անում ժողովրդին տոնն ուրախությամբ և ցնծությամբ դիմավորել»,- ասաց հոգևարականը՝ կոչ անելով չգնալ այդ օրը գերեզմանատուն, ինչպես դա ընդունված է հասարակության որոշ հատվածում:
Խաչվերացը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Հայաստանյայց եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածի կիրակի օրը։ Իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:
Քահանայի խոսքերով՝ տոնը խորհրդանշական է հայ ժողովրդի համար, որը միշտ վեր է հառնել խաչելությունից հետո:
Խաչվերաց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ պատարագ կմատուցվի, որի ժամանակ դուրս կբերվի լուաճաճանչ խոչը՝ Քրիստոսի Խաչափայտի մեզ հասած մասնիկը:
Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպություն (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։ Հայ Առաքելական Եկեղեցին իր օրացույցում ունի Սուրբ Խաչի հետ կապված ևս երեք տոն: -0-
