ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայերի հիմնական ֆոբիան վաղվա օրվա հանդեպ վախն է, կարծում է սոցիալական աշխատանքի մասնագետ, ԵՊՀ դասախոս Աննա Ոսկանյանը:
«Մեր քաղաքացիները վախենում են որևէ բան ծրագրել, քանի որ զգուշանում են վաղվա օրվանից, որ այն կարող է ընդհանրապես չլինել»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա:
Փոևրձագետը կարծում է, որ զանազան ազգային ֆոբիաների առաջացման հիմնական պատճառը նպատակաուղղված քաղաքականության բացակայությունն է դրանց դեմ պայքարի տեսանկյունից, ինչպես նաև մարդկանց սոցիալ-հասարակական կյանքի անկայունությունը:
Կոլեկտիվ բնույթ կրող հայկական մեկ այլ նշանակալի ֆոբիա է, ըստ նրա, ակտիվ լինելու վախը:
«Հայերն ամեն կերպ խուսափում են որոշակիորեն իրենց դրսևորելուց, վախենում են առանձնանալ իրենց անհատականությամբ, վախենում են պայքարել սոցիալական անարդարության դեմ»,- ասաց նա, հավելելով, որ դա վերաբերում է բոլորին՝ երիտասարդությունից մինչև տարեց մարդիկ:
Հայաստանում տարածված այլ ֆոբիաների թվում Ոսկանյանն առանձնացրեց նաև վախը քննություններից առաջ և հետապնդման ֆոբիան:
Իր հերթին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը կարծում է, որ ֆոբիաների առաջացման դեմ պայքարը ցածր մակարդակի վրա է կրթական համակարգում:
Ըստ նրա, շփման մշակույթի պատշաճ մակարդակի բացակայությունը նույնպես կոլեկտիվ վախի ձևավորման պատճառներից է Հայաստանում, մասնավերապես, բանակում պարտադիր զինվորական ծառայության առջև:
Փորձագետները նշեցին, որ ֆոբիաների հաղթահարումն առանց մասնագետների օգնության հնարավոր չէ, և մարդկանց մեջ պետք է սերմանել հոգեբանների ծառայություններին դիմելու մշակույթ: -0-
