ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հրեական համայնքին Ռոշ ա Շանա (Նոր Տարի) տոնի առթիվ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Այս օրերին դուք մտովի անդրադառնում եք ձեր հոգևոր ժառանգությանը, ամփոփում ձեռքբերումներն ու խնդիրները և կազմում ապագայի ծրագրեր: Դուք` որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչներ, ձեր աշխատասիրությամբ ու տոկունությամբ, ստեղծելու ու ստեղծագործելու ձիրքով արժանիորեն հարգանք և ճանաչում եք վաստակել Հայաստանում»,- ասվում է նախագահի ուղերձում:
Պետության ղեկավարը շնորհավորել է հրեական համայնքի ներկայացուցիչներին տոնի առթիվ և վստահություն հայտնել, որ «մեր երկրի հրեաները այսուհետ էլ իրենց ավանդը կունենան մեր հասարակության զարգացման գործում և կնպաստեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդմանը»:
Սարգսյանը մաղթել է, որպեսզի գալիք Նոր տարին լինի նոր ձեռքբերումների և հաստատուն առաջընթացի տարի: -0-
