ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին ներկայացված ադրբեջանական բանաձևը՝ Ղարաբաղի վերաբերյալ, հայկական կողմին Միջազգային դատարան դիմելու հնարավորություն է տալիս, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության, սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 65-րդ նստաշրջանի ժամանակ Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ կներկայացնի։
«Մենք ուրախ ենք, որ ղարաբաղյան հարցը կտեղափոխվի ՄԱԿ-ի շրջանակ, քանի որ դա մեզ Միջազգային դատարան դիմելու և Ադրբեջանի կողմից իրականացված հայոց ցեղասպանության հարցն այնտեղ տեղափոխելու հնարավորություն է տալիս»,- ասաց Առաքելյանը։
Նրա կարծիքով՝ հարյուր հազար ականատես փախստական ունենալով, հայկական կողմը պետք է ապացուցի, որ 1988-1994թթ.-ին Ադրբեջանը հայերի հանդեպ ցեղասպանություն է իրագործել։ «Մենք պետք է Միջազգային դատարանից պահանջենք, որպեսզի ազատագրված տարածքները (Ղարաբաղի շուրջ) ճանաչվեն որպես փոխհատուցում հայկական կողմին՝ ցեղասպանության դիմաց»,- ասաց նա։
90-ականների սկզբին Ղարաբաղի Պաշտպանական բանակը վերահսկողության տակ է վերցրել մի շարք տարածքներ, որոնք հարակից են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ ԼՂՀ շուրջ ստեղծելով «անվտանգության գոտի»։
Առաքելյանը կարծում է, որ Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի ներկայացրած հնարավորությունից, և այդ հարցի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։
Միաժամանակ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ եթե հայկական կողմին հաջողվի միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայերի հանդեպ ցեղասպանություն է իրագործվել, ապա դա միայն կամրապնդի Հայաստանի դիրքերը։
Նա նաև նշեց, որ տվյալ պահին միջազգային հանրությունը հստակ արտահայտել է իր տեսակետը, որի համաձայն, ղարաբաղյան խնդրի կարգավորման մասնագիտացված մարմինը ԵԱՀԿ Մինսկի խումբն է համարվում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
