SELECTORNEWS
Загрузка...

06:23
9/02/2012
Ереван проспект Маштоца
Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանը կմասնակցի CANDLE գիտական նախագծին
13:52 | 08/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կմասնակցեն CANDLE խոշոր գիտական նախագծի իրագործմանը, հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

 «ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) Հայաստանում 3 ԳէՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրո­նային լույսի աղբյուրի նախագիծ է, որը հնարավորություն կստեղծի ժամանակակից հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարել կյանքի գիտությունների, նյութագիտության և շրջակա միջավայրի ուսումնասիրու­թյան բնագավառներում: Փորձագետների տվյալների համաձայն՝ այդ արագացուցիչի արժեքը գնահատվում է մոտավորապես 100 միլիոն դոլար: Պետությունը պատրաստ է ֆինանսավորել նախագծի արժեքի 25 տոկոսը:

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կմասնացկի նախագծին: Սեպտեմբերի 13-ին նախագծի ներկայացուցիչները կմեկնեն Մոսկվա՝ բանակցություններ անցկացնելու նպատակով», - չորեքշաբթի ասաց նա Մամուլի ազգային ակումբում:

Հարությունյանն ավելացրեց, որ այնուհետև պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ:

Կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ CANDLE նախագծի իրագործումը հզոր ազդակ կլինի հայկական գիտության զարգացման համար: «Դա բեկումնային պահ կդառնա մի շարք խնդիրների լուծման գործում, մասնավորապես՝ նյութագիտության և դեղագործության ոլորտներում», - ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ միջազգային փորձագետները բարձր են գնահատում CANDLE-ի գիտական նշանակությունը:

«Նախագծի իրագործումը կունենա ոչ միայն գիտական, այլև քաղաքական նշանակություն, քանի որ դա կբարձրացնի Հայաստանի կարգավիճակն ու միջազգային վարկանիշը՝ տարածաշրջանում մղելով նրան առաջնային դիրքեր նորարար տեխնոլոգիաների գծով», - ավելացրեց Հարությունյանը:

CANDLE նախագիծը ճառագայթման աղբյուր է երրորդ սերնդի արագացնող-կուտակիչ համալիրի հիման վրա 2 մլրդ էլեկտրոնվոլտ էլեկտրոնների էներգիայով: Համալիրը թույլ է տալիս ալիքների երկարության լայն դիապազոնում՝ ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգեն, հզոր բացառիկ լուսային հոսքի ավելի քան 60 ալիք ունենալ:  

Ներկայումս աշխարհում գործում են լույսի ավելի քան 40 աղբյուրներ, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում—0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»