SELECTORNEWS
Загрузка...

06:52
9/02/2012
МИД
Երևանը համաձայն չէ, որ ռուսական ռազմակայանի կայանման ժամկետի երկարացումը սպառնում է Հայաստանի անկախությանը
11:57 | 08/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարարությունը չի կիսում Թբիլիսիի կարծիքն այն մասին, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի կայանման ժամկետի երկարացումը սպառնում է Հայաստանի անկախությանը, ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ասել է, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի երկարացումը մեծ սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անկախության համար:

«Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում», - Բալայանի խոսքերը մեջբերում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղարն ավելացրել է, որ այսօր հեռախոսազրույց կկայանա Հայաստանի և Վրաստանի արտգործնախարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի միջև:

«Ամեն դեպքում, որևէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին և մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ», - ասել է Բալայանը:

Ռուսաստանն ու Հայաստանը օգոստոսի 20-ին ստորագրել են 1995 թ.-ին ստորագրված Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի  մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից: --0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»