SELECTORNEWS
Загрузка...

01:35
9/02/2012
Կանադացի խորհրդարանականների այցը Հայաստան կնպաստի հայ-կանադական հարաբերությունների ակտիվացմանը. խոսնակ
19:45 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կանադացի խորհրդարանականների այցը Հայաստան կնպաստի հայ-կանադական  հարաբերությունների ակտիվացմանը և  միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Կանադայի պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակության կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը և Թոնի Մարտինը:

Հայկական խորհրդարանի խոսնակը բարձր գնահատեց հայ-կանադական հարաբերությունները, կարևորեց  խորհրդարանների և խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույնները  և Հայաստան այցելելու հրավերը  փոխանցեց Կանադայի խորհրդարանի խոսնակին: Նա շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաև անհրաժեշտ համարեց ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև՝ նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում և զգալի օգնություն և օժանդակություն է ցուցաբերում: Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորհրդարանական կապերի ընդլայնմանը և կարևոր համարեց, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին:

Կանադայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխթը  պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ իրենք ներկայացնում են Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության  30 հոգանոց խումբը և շատ ջերմ հարաբերություններ ունեն կանադահայերի հետ, ովքեր Կանադայում մեծ ներդրում ունեն մշակույթում, բիզնեսում և ընդհանրապես բոլոր ոլորտներում: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»