ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի եվրոպացի անիմատորները կմասնակցեն ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-13-ը Երևանում, երեքշաբթի լրագրողներին ասաց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։
«Անցյալ տարի փառատոնին մասնակցել է 35 երկիր, իսկ այս տարի՝ 10 երկիր ավելի»,- ասաց Քասունին։
Փառատոնին կմասնակցեն անիմատորներ աշխարհի 45 երկրներից, այդ թվում՝ Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Թուրքիայից, Սինգապուրից, Սիրիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից։ Այս տարի կինոփառատոնին մասնակցելու համար 400 հայտ է ներկայացվել՝ ներառյալ 263 մրցութային ֆիլմերը։
Քասունին նշեց, որ փառատոնին կժամանի «Exodus Film Group» բրիտանական ընկերության նախագահ Մաքս Հովարդը և «Aardman» ստուդիայի մասնագետներ Դևիդ Սպրոքսթոնը, Պոլ Սմիթը, ովքեր փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնեն։ Ըստ նրա՝ փառատոնին հյուրերի մասնակցությունը հնարավոր է դարձել Բրիտանական խորհրդի հայկական ներկայացուցչության աջակցության շնորհիվ։
Քասունին նաև նշեց, որ Երևանի բնակիչներն իրենց թողարկած ֆիլմերը բաց երկնքի տակ դիտելու հնարավորություն կստանան։ Ըստ նրա՝ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի դիտումներն անվճար կլինեն, իսկ լիամետրաժ ֆիլմերի դիտման արժեքը 500 դրամ (1.4 ԱՄՆ դոլար) կկազմի։
Բրիտանական խորհրդի հայկական ներկայացուցչության ղեկավար Արևիկ Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ Մեծ Բրիտանիան փառատոնի շրջանակներում երկու ֆիլմ կներկայացնի՝ DreamWorks Animation հայտնի ամերիկյան ընկերության հետ համատեղ Aardman ստուդիայի նկարահանած «Ուոլեսը և Գրոմիթը. Ճագար ուրվականի անեծքը» և DreamWorks Animation-ի հետ համատեղ Մաքս Հովարդի նկարահանած «Քեմերոն հովատակի ոգին»։
Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մշակույթի բաժնի պետ Քրիստոֆ Բրոյնիգը հայտնեց, որ փառատոնի շրջանկաներում տեղի կունենա անիմացիաների ոլորտի հայտնի գերմանացի լրագրող Յոհանես Ուոլտերսի վարպետության դասը։ -0-
