ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մի խումբ բրիտանացի գիտնականներ հայ մասնագետների հետ համատեղ այս շաբաթ կսկսեն Հայաստանի հարավում գտնվող հնագույն հուշարձանի՝ Քարահունջի ուսումնասիրությունը, երեքշաբթի լրագրողներին ասաց Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայկական գիտահետազոտական խմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը:
ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Քարահունջի տարածքում որոշակի համակարգով տեղադրված են եռանկյունաձև քարեր, որոնց մեջ հատուկ անցքեր են արված: Մասնագետները Քարահունջը համարում են աշխարհի հնագույն աստղադիտարանը:
Վահրադյանի խոսքերով՝ Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող նախապատմական հուշարձանը՝ Քարահունջը, որը բաղկացած է ուղղահայաց տեղադրված քարերից, հետաքրքրություն է առաջացնում նրանով, որ նման է անգլիական Սթոունհենջին, երկուսն էլ արևադարձի օրը ուղղված են դեպի արևը: Փորձագետը նշեց, որ ենթադրվում է, որ քարերի դասավորությունը թույլ է տվել որոշել տարվա սկիզբը ամառային արևադարձի օրը:
Նա նաև տեղեկացրեց, որ գիտնականների վերջին բացահայտումները թույլ են տալիս պնդել, որ հայկական Քարահունջը, որը, ըստ գիտնականների, 7,5 հազար տարեկան է, ավելի հին է, քան Սթոունհենջը, որը 3 հազար տարեկան է: Միաժամանակ Վահրադյանը հակված է կարծել, որ հուշարձանը ունեցել է կամ կուլտային, կամ աստղագիտական նշանակություն:
Փորձագետի խոսքերով՝ շատերը Քարահունջն անվանում են Զորաց քարեր, ինչը շատ սխալ է: ««Զորաց քարեր» անվանումը պետք է դուրս գա կիրառությունից, քանի որ այն թուրքերեն «գուշան դաշ» անվանման սխալ թարգմանությունն է», - ասաց նա: Փորձագետի խոսքերով՝ Քարահունջն ունի նույն նշանակությունը, ինչ Սթոունհենջը:
«Քանի որ անգլերենն ու հայերենը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին, ապա միանգամայն հնարավոր է, որ դա միանման շինությունների միևնույն անվանումն է», - ասաց Վահրադյանը:
Փորձագետի խոսքերով՝ բրիտանացի գիտնականները, ովքեր կժամանեն Հայաստան, Օքսֆորդի համալսարանի մասնագետներ են, իսկ հայ-բրիտանական համատեղ ուսումնասիրությունները կտևեն շուրջ 2 շաբաթ:
«Նախատեսված ուսումնասիրությունները ոչ միայն ներդրում են համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, այլև հսկայական պատմական հետաքրքրություն են ներկայացնում: Այս ուսումնասիրությունները թույլ կտան նաև բարձրացնել Հայաստանի վարկանիշը և երկիր ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ ներգրավել», - ասաց Վահրադյանը:
Փորձագետը նաև նշեց, որ հայ գիտնականները Քարահունջում մի շարք հաշվարկման աշխատանքներ են իրականացրել, ակդ թվում նաև չափել են հուշարձանի չափերը: Իրականացվել են նաև մանրամասն տեղագրական աշխատանքներ և տեսանկարահանումներ, որոնց արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Օքսֆորդի համալսարանի գիտնականների շրջանում:-0-
