SELECTORNEWS
Загрузка...

01:26
9/02/2012
школа
Վիրահայերը հետաքրքրվում են կրթության նախարարից` որոնք են մի շարք հայկական դպրոցների փակման պատճառները
10:48 | 07/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի Հայ Համայնքը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինին` Թբիլիսիի հանրակրթական թիվ 110, 95 դպրոցների և թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման մասին` վերջերս տարածված լուրերի առնչությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՎՀՀ մամուլի ծառայությունից։  

Դիմումում Վրաստանի Հայ Համայնքը նախարարությանը խնդրում է պատասխանել հետևյալ հարցերին՝  ի՞նչ շարժառիթներով են պայմանավորված Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշումները նշված դպրոցների լուծարման-վերակազմավորման մասին և ի՞նչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները կոնկրետ այդ դպրոցներում:

Նամակի հեղինակները հիշեցնում են, որ Թբիլիսիի թիվ 110 և 146 հանրակրթական դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը զուտ հայկական դպրոց է, ուր, բնականաբար, սովորում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

«Բնական է, որ Վրաստանի տարածքում գործող կրթության ու մշակույթի հայկական օջախները Վրաստանի Հայ Համայնքի հատուկ ուշադրության առարկան են, և այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերակազմավորում կամ այլ փոփոխություն, անմիջականորեն վերաբերում է Վրաստանի Հայ Համայնքի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կենսական շահերին»,- ասված է դիմումում:

Վրաստանի Հայ Համայնքը հույս է հայտնում, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, որպես պետական իրական ժողովրդավարական մարմին, կկատարի մեր երկրի ստանձնած պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնության` մայրենի լեզվով ուսում ստանալու և մշակույթը պահպանելու պաշտպանության հարցում:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանը քննադատության է ենթարկել հայերի նկատմամբ Վրաստանի իշխանությունների իրականացրած քաղաքականությունը։ Ըստ նրա, դա «հայրենի օջախից մարդկանց դուրս հանելու և ազգային ինքնության կորստի քաղաքականություն է»:

Վրացական իշխանությունների խտրական գործողությունների թվում «Ջավախք» միության ղեկավարը նշել է  հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցիչների, ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման կողմնակիցների «սև» ցուցակի կազմումը:

Վրաստանի հայկական համայնքը կազմում է մոտ 460 հազար մարդ՝ լինելով աշխարհի խոշորագույն համայնքներից մեկը (Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո)։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»