ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում գտնվող Ախթամար կղզու վրա կառուցված Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատարագի անցկացման օրը, հնարավոր է, անորոշ ժամկետով հետաձգվի՝ ահաբեկչական սպառնալիքի պատճառով, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հղում անելով Թուրքիայում ունեցված աղբյուրներին:
Այդ տեղեկատվության համաձայն, թուրքական հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել ադրբեջանաթուրքական կազմակերպության՝ «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարի միության» կողմից պատրաստված սադրանքի մասին:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս»-ը, թուրքական հատուկ ծառայություններին առանձնապես մտահոգել է այն փաստը, որ «սադրանքների» կազմակերպության մեջ կարող են ներգրավված լինել թուրքական ազգայնականներին համակրող ոստիկանության և բանակի ներկայացուցիչները, որոնք դեմ են հայկական եկեղեցում պատարագի անցկացմանը:
Սուրբ Խաչ եկեղեցում առաջիկայում անցկացվող պատարագի դեմ բողոքի շարժումն օրեցօր ուժեղանում է: Թուրք ազգայնականները, ովքեր դեմ են խաչի տեղադրմանը եկեղեցու գմբեթին, կառավարությունից պահանջում են կանխել Հայաստանից և սփյուռքից եկող ուխտագնացների ժամանումը: Հակահայկական արշավին են մասնակցում ոչ միայն մարգինալ կազմակերպությունները, այլ նաև լուրջ քաղաքական ուժեր:
Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:
Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0—
