SELECTORNEWS
Загрузка...

06:25
9/02/2012
Ахтамар Сурб Хач
Մայր Աթոռի որոշումը ճիշտ էր. փորձագետ
16:01 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ճիշտ որոշում է ընդունել իր ներկայացուցիչներին Թուրքիայի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի չուղարկելու վերաբերյալ, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առկախել է իր երկու ներկայացուցիչների մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը՝ մեկնաբանելով իր որոշումը նրանով, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է։ Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վստահեցվել է, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը։

 «Եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելը «տեխնիկական պատճառներով» բացատրելն առնվազն ծիծաղելի է, իրական պատճառներն այլ են»,- ասաց Մելքոնյանը։

Փորձագետի խոսքերով, Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը մարտահրավեր էր թուրքական քարոզչամեքենայի կողմից, և այդ ամենի նպատակը Թուրքիան որպես հանդուրժող պետություն ներկայացնելն էր, որն իբր բոլոր պայմանները ստեղծում է հայ ուխտավորների համար։

Թուրքագետի կարծիքով, պատճառները ներքաղաքական են և, նախևառաջ, կապված են սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ։

Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիայում աստիճանաբար թուլանում է բանակի դերը, և իշխող ուժերը պայքարում են գործնականորեն բոլոր խոշոր քաղաքական ուժերի դեմ։

«Նման պայմաններում իշխող կուսակցությունը, բնականաբար, կձգտի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կբարձրացնեն նրա քաղաքական վարկանիշը։ Եվ, իհարկե, նման պայմաններում հայկական եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելը բացառվում էր, եթե նկատի առնենք, որ հակահայկական, հակաքրիստոնեական տրամադրությունները միշտ գերակշռել են թուրքական հասարակությունում»,- ընդգծեց նա։

Թուրքագետն ընդգծեց, որ միաժամանակ հարցը զուտ կրոնական է, և պետք չէ այն քաղաքականացնել։

«Այս տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրեն քաղաքականապես գրագետ և զուսպ պահեց, թեև իրավիճակը նուրբ էր»,- ասաց նա։

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»