ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնի միջազգային հինգերորդ փառատոնը կսկսվի ինքնատիպ միջոցառումով՝ երկինք կբարձրանա տիկնիկներով լի օդապարիկ, հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ UNIMA-Armenia-ի նախագահ Արմեն Սաֆարյանը։
Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ հայ մեծ բանաստեղծ և գրող, բազմաթիվ հեքիաթների հեղինակ, 20-րդ դարի հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։
«Մենք պատրաստվում ենք տոն կազմակերպել բաց երկնքի տակ, եթե եղանակը թույլ տա»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սաֆարյանը։ Նա նշեց, որ փառատոնի մասնակիցներին կմիանա շվեյցարացի ճանապարհորդ Փիտեր Բլասերը, ով ողջ աշխարհին հայտնի է հսկայական օդապարիկով կատարած ճանապարհորդություններով։
Նա պատմեց, որ փառատոնի շրջանակներում տեղի կունենան հայկական և արտասահմանյան տիկնիկային թատրոնների համատեղ ներկայացումները։ Այսպիսով, օրինակ Հայաստանի և Հունգարիայի տիկնիկավարները հայ հանդիսատեսին ցույց կտան «Ստեղծագործություն» հեքիաթը, ինչպես նաև սլովենական-չեխական-բելառուսական համատեղ ներկայացումներ են պատրաստվել։
Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի մասնակից կդառնա 22 թատերախումբ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից և Բելառուսից։
Ըստ Սաֆարյանի, ոչ բոլոր ներկայացումները կբեմադրվեն հենց Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա, սակայն բոլոր մասնակիցներին կմիավորի հեքիաթի ընդհանուր թեման։
Նա ավելացրեց, փառատոնի գործունեությունն արդեն տվել է իր պտուղները՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում ավելի ու ավելի նոր տիկնիկային թատրոններ են ստեղծվում։ Դրանցից է ՝ «Կաթիլ» դպրոցական թատրոնը Դսեղ գյուղում, «Նարեկ»-ը ՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, «Լապտեր»-ը՝ Երևանում։ -0-
