ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան առաջին միջազգային մրցանակը շնորհվել է շվեյցարացի աստղաֆիզիկոս, Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Միշել Մայերին և նրա գիտական խմբի անդամներին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«Ողջ աշխարհից ուղարկված 14 աշխատանքներից ամենաարժանավորը եղել է պրոֆեսոր Մայերի և նրա գիտական խմբի երկու անդամների, մասնավորապես՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանի, և Պորտոյի (Պորտուգալիա) համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանթոսի աշխատանքը»,- նշեց Մարտիրոսյանը։
Ինչպես նշեց ԳԱԱ նախագահը, սեպտեմբերի 18-ին՝ Համբարձումյանի ծննդյան օրը, հաղթողին կհանձնվի 500 հազար դոլար չափով մրցանակ։
«Մայերը մրցանակ է ստացել այն բանի համար, որ առաջինն է հայտնաբերել արևային համակարգից դուրս գտնվող մոլորակը, որը պտտվում է արևի նման աստղի շուրջ»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ ԳԱԱ նախագահի, մեծ է Մայերի և նրա խմբի մոլորակային համակարգերի և դրանց կենտրոնական աստղերի ուսումնասիրման, ինչպես նաև արևային համակարգից դուրս մոլորակների ֆիզիկական և քիմիական հատկությունների նկարագրման մեջ արված ներդրումը։ -0-
