00:33
9/09/2010
Ծիրանենիներն այս տարի սովորականից շուտ են ծաղկել
16:54 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ծիրանենիներն այս տարի սովորականից վաղ են ծաղկել, ուրբաթ ասաց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Վերջին տվյալներով, արդեն նախօրեին Հայաստանի Արմավիրի մարզում ծաղկել են ծիրանենիները»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ծիրանենիների ծաղկելն արձանագրվում է ծառերի 10 տոկոսի ծաղկելուց հետո։

Նրա խոսքերով, սրանից առաջ ծիրանենու ծաղկելու ամենավաղ ժամանակահատվածը, ինչն ազդարարում է գարնան գալուստը, արձանագրվել է 2000 թվականին, երբ ծիրանենիներն առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում ծաղկել էին մարտի 18-ից։

Միաժամանակ, օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ այժմ պտղատու ծառերի ծաղկումն ավելի ռիսկային է, քան ուշ ծաղկումը, քանի որ մինչև ապրիլի վերջ Արարատյան դաշտավայրը համարվում է օդի բացասական ջերմաստիճանի ռիսկային գոտի։

Ըստ նրա, 1993 թվականին ապրիլի 24-25-ն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է զրոյից ցածր 4 աստիճան, 1997-ի ապրիլի 11-13-ը նույնպես մինուսային ջերմաստիճան է արձանագրվել, իսկ 2002-ի ապրիլի 6-10-ը՝ մինչև -2 աստիճան։

Վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է 2004 թվականի ապրիլի 6-10-ը, երբ Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը հասել է -10 աստիճանի։

«Թեև նման ջերմաստիճան ներկայում չի կանխատեսվում, այնուամենայնիվ առկա է դրա նվազման ռիսկը։ Իսկ նկատի առնելով, որ, դեկտեմբերից սկսած երկրում ջերմաստիճանը բավական տաք է, հույս կա, որ հնարավոր ցրտի հետևանքով բերքին մեծ վնաս չի հասցվի»,- ասաց Պետրոսյանը։

Հայաստանում անսովոր տաք ձմեռ էր։ Դեկտեմբերին և առանձին օրերին Երևանում և Արարատյան դաշտավայրում արձանագրվել է պլյուս 15 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ Մեղրիում՝ 20 աստիճան, Կապանում՝ 19 աստիճան։ Նման տաք դեկտեմբերներ արձանագրվել են 1937, 1938, 1963 և 1967 թվականներին։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»