ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հետևողական է ՆԱՏՕ-ի հետ ակտիվ և արդյունավետ հարաբերությունների զարգացման հարցում, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երևանում «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի բացման ժամանակ:
«Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման քաղաքականությունը, ինչպես նաև դրանք եվրոպական չափորոշիչներին համապատսխանեցնելուն ուղղված բարեփոխումների իրագործումը: Հայաստանը միշտ կարևորում է եվրոպական կառույցներում լիարժեք կերպով ինտեգրվելը», - ասաց նա:
Խոսնակի խոսքերով, դեռ 1999թ.-ին Հայաստանը միացել է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին, ինչին հետևել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) մշակումը:
«IPAP-ի ծրագրում ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հյուսիս-ատլանտյան կառույցների, հարևանների հետ համագործակցության խորացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը», - ասաց Աբրահամյանը:
ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծեց, որ Անհատական գործընկերության ծրագրի համաձայն, նախատեսվում է նաև պաշտպանության ոլորտի նկատմամբ վերահսկողության գործում օրենսդրության դերի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Նա ընդգծեց, որ խորհրդարանը շարունակում է Զինված ուժերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված աշխատանքը:
«Հիմնվելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վրա՝ Հայաստանը պատրաստ է դիմակայել կազմակերպված հանցավորությանն ու ահաբեկչությանը: Մենք պատրաստ ենք ավելի ակտիվ մասնակցել համապատասխան ծրագրերին և միջոցառումներին», - հայտարարեց Աբրահամյանը:
Խոսնակի խոսքերով, Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված խաղաղարար գործողություններին երկրի մասնակցությունը:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» եռօրյա սեմինարը կանցկացվի «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով:-0-
