SELECTORNEWS
Загрузка...

01:22
9/02/2012
Հայաստանը թերագնահատում է իր նշանակությունը միջազգային որոշումների կայացման գործընթացում. բրիտանացի փորձագետ
18:54 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը թերագնահատում է իր նշանակությունը միջազգային որոշումների կայացման գործընթացում, երեքշաբթի Երևանում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. իրականն ու անիրականը» թեմայով քննարկումների ժամանակ ասաց անգլիացի փորձագետ և լրագրող Թոմաս դը Վաալը:

«Կովկասի երկրները, մասնավորապես Հայաստանը, թերագնահատում է իր նշանակությունը որոշումների կայացման գործընթացում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին տարածաշրջանի ժողովուրդների ձեռքին է»,- հայտարարեց փորձագետը:

Մեկնաբանելով տվյալ հարցում համաշխարհային կենտրոնների դերի վերաբերյալ հարցը՝ փորձագետն ընդգծեց, որ նրանց ազդեցությունը որոշիչ չի համարում: Նրա խոսքով, ուժերի միջամտությունը սահմանափակվում է այս հարցում համապատասխան միջազգային ֆոն ստեղծելով:

«Ես չեմ հավատում, որ Մեդվեդևն ու Օբաման նախաճաշի առաջ նստած հեռախոսազանգեր են կատարում իրար ու որոշում՝ ինչպես Հարավային Կովկասը բաժանել ազդեցության գոտիների»,- նկատեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»