SELECTORNEWS
Загрузка...

06:28
9/02/2012
Армен Арутюнян
Հայաստանի օմբուդսմենը ՍԴ-ում վիճարկում է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման կարգը
19:46 | 02/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ փոխպատվաստման օրենքի մի շարք նորմեր երկրի Հիմնական օրենքին անհամապատասխան ճանաչելու մասին հայտարարությամբ, երեքշաբթի հայտնում է Օմբուդսմենի մամուլի ծառայությունը: 

Մասնավորապես, Օմբուդսմենը խնդրում է ստուգել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համապատասխանությունը, համաձայն որի՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր:

Ինչպես կարծում է մարդու իրավունքների պաշտպանը, վիճարկվող նորմը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քանի որ  ոտնահարում է մարդու արժանապատվությունը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, որոնք հարգվում և պաշտպանվում է պետության կողմից ինչպես անձի կենդանության, այնպես էլ մահից հետո՝ երաշխավորված 14-րդ և 16-րդ հոդվածներով:

«Մարդու արժանապատվության պաշտպանության կարևոր նախադրյալներից է նրա իրավունքների ազատ և անարգել իրագործումը: Մարդու կամքի ազատ արտահայտումը՝ որպես նրա արժանապատվության իրավունքի անբաժանելի մաս, պետք է պաշտպանվի և հարգվի ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո: Վերոնշյալը հավասարապես վերաբերում է նաև անձնական անձեռնմխելիության իրավունքին, որն անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում մարդու մահից հետո նրա մարմնի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի և մահացածի մարմնի իրավական պաշտպանության համար: Մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում՝ որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո»,- գրում է Օմբուդսմենը:

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, իր կողմից նշված նորմը հակասում է վերը ասվածին և սահմանում է, որ մարդու մահից հետո նրա օրգաններն ու հյուսվածքները կարող են օգտագործվել որպես դոնորային, եթե քաղաքացին կյանքի օրոք չի հրաժարվել դոնոր դառնալու հնարավորությունից:

«Գտնում եմ, որ առկա իրավական կարգավորումը պայմաններ է ստեղծում իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմի կամայական մեկնաբանման, կիրառման և չարաշահման համար: Այնինչ դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու հետ կապված հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը պետք է լինի միանշանակ և հստակ»,- կարծում է օմբուդսմենը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»