SELECTORNEWS
Загрузка...

07:04
9/02/2012
Արգենտինյան տանգոյի իտալացի վիրտուոզները համերգներով հանդես կգան Երևանում
19:47 | 01/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Դուո էլ տանգո» իտալական դուետը, որի կազմում են վիրտուոզ- ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պյետրոդարկին և երիտասարդ կիթառահար Լուկի Լուչինին, մարտի 2 և 4 համերգներով հանդես կգան Երևանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ինքը մաեստրո Պյետրոդարկին:

Դուետի առաջին համերգը կկայանա մարտի 2-ին Երևանի Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 4-ին դուետն արդեն կներկայացնի մեկ այլ երաժշտական ծրագիր, ավելի նեղ միջավայրում՝ մայրաքաղաքի երաժշտական ակումբներից մեկում:

Փետրվարի 27-ին արդեն կայացել է Պյետրոդարկու և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը:

Մաեստրոյի խոսքերով, չնայած նման երաժշտության կատարման փորձի պակասին, սա չի խանգարել նվագախմբին հեշտությամբ կատարել իրենց առջև դրված խնդիրը:

«Հայ ժողովուրդը մշտապես գտնվում է շարժման, դինամիկայի մեջ: Սա զգացվում է ամեն ինչում: Քաղաքի փոփոխվող ճարտարապետությունը, համատարած շինարարությունը վկայում են անընդհատ նորարարության հանդեպ հայ ժողովրդի ձգտման մասին»,- ասաց Պյետրոդարկին՝ կիսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին իր տպավորությունները:

Նա ուրախությամբ նշեց, որ Հայաստան կատարած յուրաքանչյուր այցից հետո զգում է իր երաժշտության երկրպագուների թվի աճը:

Սա մաեստրոյի արդեն հինգերորդ այցն է Հայաստան, ավելի վաղ Պյետրոդարկին համերգներով հանդես է եկել Հայաստանում տարբեր երաժշտական ու կինոփառատոների շրջանակներում:

Դուետի մյուս մասնակից, երիտասարդ կիթառահար Լուկի Լուչինին, հաջողության հասնելով ոչ միայն Իտալիայում, այլև դրա սահմաններից դուրս, առաջին անգամ է գտնվում Հայաստանում: Նա ասաց, որ ցնցված է հայ ժողովրդի արտասովոր մշակույթից ու տաղանդից:

Լուչինիի խոսքերով, Փարաջանովի թանգարանն իր վրա անջնջելի տպավորություն է գործել: «Հայաստանում ամեն ինչ այնքան ներծծված է արվեստով ու ստեղծագործական մտքով: Իմ այստեղ գտնվելու այս կարճ ժամանակահատվածում ես հասցրեցի համոզվել դրանում»,- ասաց նա:  

Դուետի համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գոյ» գեղարվեստական թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ:

Մազմանյանի խոսքերով, կամերային երաժշտության տանը դուետի ելույթի ընթացքում կկայանա նաև հայկական «Նաբիզ» քառյակի ելույթը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»