ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ամփոփվել են «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» վերնագրով լուսանկարի դպրոցական մրցույթի արդյունքները, որի ժամանակ ներկայացվել է հանրապետության դպրոցների աշակերտների ավելի քան 200 լուսանկար։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթող է ճանաչվել Վանաձոր քաղաքի թիվ 21 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Օհանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել են Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներ Հայարփի և Մարիամ Բարսեղյանները, երրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Գայի անվ. թիվ 129 միջնակարգ դպրոցի 9–րդ դասարանի աշակերտ Անի Գրիգորյանը։
Մրցույթի շրջանակներում նաև նախատեսված է ինը մրցանակ «Սիրով արված լուսանկար» անվանակարգում, տասը մրցանակ՝ «Հետաքրքիր լուսանկար» անվանակարգում և չորս մրցանակ՝ «Ուրախ լուսանկար» անվանակարգում։
Մրցույթի հաղթողները կստանան հուշանվերներ, իսկ մնացած բոլոր մասնակիցներին կհանձնվեն պատվոգրեր, տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից։
Հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հմտությունների (թվային լուսանկարչական սարքի և լուսածրիչի (սկաներ) օգտագործում, համապատասխան համակարգչային ծրագրերի օգնությամբ լուսանկարների խմբագրում, ինտերնետից և էլեկտրոնային փոստից օգտվելու կարողություն և այլն) խթանման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2007 թվականի սեպտեմբերի 24-ին «Կրթական միջավայր» ինտերնետային կայքում հայտարարել էր «Ուսուցչի օրվան» նվիրված «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթը։
Հայաստանի 10 մարզերի շուրջ 40 դպրոցների աշակերտներն իրենց ավելի քան 200 լուսանկարներն էլեկտրոնային փոստով ուղարկել են մրցույթի կազմակերպիչներին: Այս լուսանկարներից շուրջ 180-ը տեղադրվել են «Կրթական միջավայր» կայքի «Մրցույթի պատկերասրահ» բաժնում։-0-
