SELECTORNEWS
11:29
1/09/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
число
«Ուրբաթ, 13» կամ սև կատուն կոտրեց հայելին
20:08 | 13/ 04/ 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Շատ մարդիկ շաբաթվա հինգերորդ օրը, որը համընկնում է ամսի 13-ի հետ, մի շարք սնահավատությունների և հիմնականում բացասական բնույթի նախանշանների հետ են կապում: Եվ այստեղ խոսքը ոչ թե այդ թվի կամ շաբաթվա օրվա «մոգականության» մասին է, այլ՝ մարդկանց հոգեբանական տրամադրվածության:

Ցանկացած ամսվա 13-րդ օրվա ուրբաթը շատ ազգերի մոտ, հատկապես՝ անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում անհաջող օր է համարվում: Ընդ որում՝ պատմականորեն այնպես է դասավորվել, որ անհաջող է համարվել ոչ միայն 13 թիվը, որին «սատանայական դյուժին» են անվանում, այլ նաև շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, սակայն այդ երկու սնահավատությունների միջև ոչ մի կապ չի եղել:

Ուրբաթ օրվա ու 13 թվի համընկնումից բխող վախը հնուց է գալիս: Ըստ ավանդույթի, այդ օրերին 12 վհուկներ քեֆ են արել, իսկ ուրախության թեժ պահին հայտնվել է Սատանան՝ տասներեքերորդը: Բիբլիական տեքստերի որոշ մեկնաբաններ վստահ են, որ հատկապես այդ օրն են Եվան և Ադամը համտեսել արգելված պտուղը: Բացի այդ, «ամենասև» ուրբաթն էր, երբ Կայենը սպանեց իր եղբայր Աբելին: Այսպիսով, հասկանալի է դառնում, թե ինչու «սատանայական դյուժինի» վախը, որն ունի «տրիսկայդեկաֆոբիա» գիտական անվանումը, հիմնականում տարածված է քրիստոնեական երկրներում:
Հենց ուրբաթ է խաչվել Քրիստոսը և Մեծ Պահքի ժամանակ է նշվում «Ավագ Ուրբաթը»:

13 թվի բացասական ընկալումը նույնիսկ արտացոլվել է արևմտյան աստղաբանության ինչպես նաև՝ գուշակության մեջ: Օրինակ, Տարո խաղաքարտերում 13 թիվը «մահ» է խորհրդանշում:

Կարելի է ասել, որ «ուրբաթ 13»-ի անհաջողության մասին առասպելը գալիս է XIV դարասկզբից: Պատմական իրադարձությունների ժամանակակից մեկնաբանության համաձայն, 1307թ.-ի հոկտեմբերի 13-ի ուրբաթ օրը ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ IV-ը ձերբակալել և մահապատժի է ենթարկել Տամպլիերների հոգևոր միաբանության շատ ասպետների: Ի դեպ, այդ իրադարձությունը նկարագրված է ամերիկացի գրող Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» և ֆրանսիացի գրող Մորիս Դրյուոնի վեպերում:

Նախանշաններն անտարբեր չեն անցել նաև ժամանակակից աշխարհի կողքով, և իրենց են ենթարկվել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր, թվում է թե, պիտի հեռու լինեին սնահավատությունից: «Սև ուրբաթը»  ամենավտանգավոր օրն է համարվում, որովհետև համակարգչային դարաշրջանի «լուսաբացին» այդ օրվա նկատմամբ հատուկ թուլություն են ունեցել վիրուսներ ստեղծողները: Նրանք իրենց «վիրուսակիր» ծրագրերում մեխանիզմն այնպես են տեղադրել, որ վիրուսի վնասակար հետևանքները ի հայտ են եկել հենց այդ օրը: Դա հանգեցրել է նրան, որ համակարգչից օգտվողներից շատերը մինչև հիմա փորձում են այդ օրն ընդհանրապես իրենց համակարգիչը չմիացնել, հատկապես եթե դա համընկնում է ուրբաթ օրվա հետ:

Տարբեր երկրներում, կրոններում և տարբեր պատմական ժամանակահատվածներում 13 թվի նկատմամբ միշտ որոշակի կանխակալ վերաբերմունք է եղել: Որոշ շենքերում մինչև հիմա հարկերն այնպես են համարակալվում, որ 12-րդին հաջորդի 14-րդը, շենքերում կարող են լինել 12А և 12Б հարկեր, կամ 13-րդ հարկը կարող է կոչվել «+1»: Իտալիայի օպերային թատրոններում այդ թվով տեղեր չկան:

Ինքնաթիռներում բացակայում է 13-րդ շարքը: Շատ օդաչուների սնահավատության պատճառով ԱՄՆ-ում երբեք չի եղել F-13 կործանիչը: F-12-ին անմիջապես հետևել է F-14-ը: «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոմրցարշավներում գոյություն չունի 13 համարով մեքենա, 12-ին հետևում է 14-ը: ԱՄՆ-ի Ապոլոն-13 տիեզերանավը միակն էր «Ապոլոն» շարքից, որի վրա լուրջ վթար տեղի ունեցավ 1970թ.-ին՝ դեպի Լուսին կատարած թռիչքի ժամանակ:
Ւ դեպ, անգլերենում 13 թիվը հաճախ կոչում են «հացավաճառի դյուժին», որովհետև միջին դարերում հացավաճառները գնորդներին խաբելու համար սահմանված դաժան պատժից խուսափելու համար յուրաքանչյուր վաճառվող ապրանքի մեկ  դյուժինին մի քիչ էլ էին ավելացնում:

Սակայն հանուն արդարության պետք է ասել, որ ժամանակակից աշխարհը փորձեր է կատարում «13» թվի նկատմամբ նման կանխակալ և բացասական վերաբերմունքի դեմ պայքարելու համար: Առաջին հերթին, այն փաստը, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանի շուրջ 13 մարդ է եղել՝ 12 առաքյալներն ու Հիսուս Քրիստոսը, արդեն իսկ խոսուն է: Բացառված չէ, որ հատկապես դրա հետ է կապված այն սնահավատությունը, որ եթե մի սեղանի շուրջ 13 մարդ հավաքվի, ապա նրանցից մեկը կմահանա տարվա ընթացքում: Նաև «տասնչորսերորդ հյուրի» մասնագիտություն է գոյություն ունեցել, որին հանդիպման են հրավիրել, որպեսզի խուսափեն անհաջող թվից: ԱՄՆ-ում այդ սնահավատության դեմ պայքարի համար «Տասներեքի ակումբ» է ստեղծվել:
Մայաների մոտ 13 թիվը սրբազան և բավական բարենպաստ է համարվել, և մեր ժամանակակիցներից շատերը նույնպես այդ կարծիքն ունեն: Այսպիսով, արմատացած սնահավատությունից զուրկ են զինվորականները:  Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Բալթյան նավատորմի ամենահաջող սուզանավը С-13-ն  էր, որը մասնակցել է ամենառիսկային մարտական օպերացիաներին և, ըստ այդ սուզանավում պատերազմած սուզանավորդների, «բառացիորեն «այն» աշխարհից է վերադարձել»:

«Ամսի 13-ի և ուրբաթի» հետ կապված սնահավատության թեմային են անդրադարձել նաև կինեմատոգրաֆիստները: «Տասներեք», «Ամսի 13-ի ուրբաթը», «13-րդ հարկը», «Ապոլոն-13-ը», «Ապաստան 13», «Օուշենի 13 ընկերները», «Հարձակում 13-րդ տեղամասի վրա», «13 ուրվական»՝ ահա ֆիլմերի ոչ ամբողջական ցուցակը, որոնք այս կամ այն միջոցով խաղարկում են չարաբաստիկ օրն ու ամսաթիվը:
Հետաքրքիր է նաև այն, որ ամսի տասներեքն ուրբաթ օրվա հետ շատ ավելի հաճախ է համընկնում, քան շաբաթվա մյուս օրերի հետ: Սա պայմանավորվում է այն հանգամանքով, որ Գրիգորյան օրացուցային փուլը (400 տարի) կազմում է ուղիղ 20871 շաբաթ:
2012թ.-ի հունվարին 13-րդ օրն արդեն համընկել է ուրբաթի հետ, այդ համընկնումը կկրկնվի նաև հուլիսին:
2013, 2017, 2018, 2019 և 2020 թվականներին «ուրբաթ-13»-ը բաժին կհասնի հունվար և հոկտեմբեր, ապրիլ և հուլիս, սեպտեմբեր և դեկտեմբեր, մարտ և նոյեմբեր ամիսներին:

Այս առումով «բարեհաջող» տարիներ են 2014 և 2016 թվականները, երբ այդպիսի համընկնում կլինի տարվա մեջ ընդամենը մեկ անգամ՝ 2014-ի հունիսին և 2016-ի մայիսին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»