SELECTORNEWS
Загрузка...

17:40
9/02/2012
Граница
Ղարաբաղի անկախության օրը՝ ադրբեջանական սադրանքների և համանախագահների այցի ֆոնի ներքո. շաբաթվա արդյունքները
14:14 | 06/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտի համանախագահների այցը այս անգամ կանցնի Ադրբեջանի կողմից վերջերս կազմակերպված սադրանքի ֆոնի ներքո: ԵԱՀԿ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան սեպտեմբերի 9-ին, կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո, հնարավոր է՝ այցելեն նաև Լեռնային Ղարաբաղ:

Այս շաբաթ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները երկու դիվերսիա են կանխել հյուսիս-արևելքում՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին:

Օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 06:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում, հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել: Ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ:

Դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների թիվն առնվազն յոթ մարդ է կազմել: Հայկական կողմից մարտի ընթացքում վիրավորվել ԼՂՀ Պաշտպանության բանակի 19-ամյա շարքային Ռուդիկ Մանասերյանը, ում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է Արիության համար մեդալով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը արժանի հակահարված է ստացել՝ դիմելով փախուստի և կրելով կորուստներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածած հայտարարության մեջ նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները վտանգում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ինչպես կարծում են պաշտպանության նախարարությունում, հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով կարգավորման բանակցային գործընթացը:

Սակայն սեպտեմբերի 4-ի առավոտյան ադրբեջանցի զինծառայողները փորձել են ևս մեկ դիվերսիա իրականացնել: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ դիվերսիայի հետևանքով ոչնչացվել է մեկ ադրբեջանցի զինծառայող, մնացած դիվերսանտները փախուստի դիմելիս պայթել են ականի վրա: Ղարաբաղյան կողմը կորուստներ չունի:

Այս դիվերսիան վերջին երկու ամսվա ընթացքում երրորդ նմանատիպ միջադեպն է: Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևաքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում նվազագույնը մեկ սպանված է թողել:

ԼՂՀ անկախության օրն ու ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձևը

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ում հանդիսավոր կերպով նշեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումները սկսվել են առավոտյան Ստեփանակերտի փողոցներում և հանրապետության շրջկենտրոններում`զորասյուների հանդիսավոր քայլերթով: Ավանդաբար հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին պարապմունքները նվիրվել են նշանավոր տարեթվին` անկախության տարեդարձին` խորհրդարանի պատգամավորների, կառավարության և ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը և ԼՂՀ բարձր ղեկավարության ներկայացուցիչները՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԼՂՀ նախկին ղեկավար Արկադի Ղուկասյանը և մտավորականության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի և Ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակին:

Երեկոյան Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում տեղի է ունեցել «Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում և ԼՂՀ-ում և այս տարի նվիրված է Ղարաբաղի Անկախության օրվան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ «Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է՝ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը...»:

Սակայն ԼՂՀ Անկախության օրվանից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Բաքուն սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի քվեարկությանը կներկայացնի «Ադրբեջանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և միջազգային չափորոշիչների պահպանումը» բանաձևի նախագիծը:

ՀՀ նախագահը, մեկնաբանելով այս քայլը, հայտարարել է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս՝ Ղարաբաղի մասին բանաձև ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը: Նախագահի խոսքերով՝ ակնհայտ է, որ հայկական կողմը պատասխան քայլեր կձեռնարկի, «և այդ քայլերը կմոտեցնեն մեզ մեր նպատակներին»:

«Ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում», - ասել է Սարգսյանը:

Գիտելիքի օրը

Հայաստանի դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել ավելի քան 37 հազար առաջին դասարանցիների առջև: Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այս ուսումնական տարին տարբերվում է աննախադեպ բարեփոխումներով և նորամուծություններով, զգալիորեն բարելավվում է ղեկավարման որակը: 2010 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, առաջին անգամ տեղի է ունեցել հայ ուսուցիչների երդման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ի շնորհավորական ուղերձում նշել է, որ «գիտելիքը ուժ է, շատ մեծ ուժ, իսկ մենք՝ մեր երկիրը, նման ուժի կարիք ունի: Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ապագայում մասնագիտության գիտակցված ընտրություն անեք, և որպեսզի ձեր ընտրությունը ձեր սրտով լինի: Համոզված եղեք, որ եթե դուք ընտրություն եք կատարել՝ գիտակցելով նրա ողջ լրջությունը, ապա այդ ընտրության համար հարկավոր է պայքարել: Համոզված եմ, որ դուք ունեք նման կամային որակներ», - ընդգծել է ՀՀ նախագահը:

Այս տարի առաջին դասարանցիներին դպրոցին նախապատրաստելը ծնողների համար արժեցել է մեկուկես անգամ ավելի թանկ: Միջինը առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելը ընտանեկան բյուջեի համար արժեցել է շուրջ 60 հազար դրամ (165 ԱՄն դոլար), ընդ որում անհարժեշտ ապրանքների գների ստորին շեմը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 50 տոկոսով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»