ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն Հայաստան էր ժամանել ուրբաթ երեկոյան՝ «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Շաբաթ օրը վաղ առավոտյան հայտնի դերասանն այցելեց Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով «Անմար կրակի» մոտ: Նաև լրագրողներին պատմեց իր ծրագրերի մասին:
Հայոց ցեղասպանություն. Հայացք Ֆրանսիայից
Դեպարդյեն նշել է, որ ծանոթ է հայերի արդեն չորրորդ սերնդի հետ, որոնց հաջողվել է փրկվել ցեղասպանությունից՝ ավելացնելով, որ Ֆրանսիայում շատ են հայկական արմատներ ունեցող հայտնի դերասաններն ու մարզիկները:
«Ես գիտեմ, թե ինչու և ինչպես են նրանք հայտնվել Ֆրանսիայում և ինչ է նշանակում 1915 թ.-ին տեղի ունեցած ցեղասպանությունը», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանը:
Նա ասել է, որ իր վրա Ցեղասպանության հուշարձանը շատ մեծ տպավորություն է թողել, ինչպիսի տպավորություն թողնում են նմանատիպ այլ հուշարձանները, օրինակ՝ Իսրայելում գտնվող «Յադ Վաշեմ» Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանը:
Դեպարդյեի խոսքերով՝ ամենաշատը իրեն զարմացնում է այն փաստը, որ Ֆրանսիայում բնակվող հայերը չեն մոռացել ոչ իրենց ավանդույթները, ոչ էլ լեզուն, «հնարավոր է՝ այն պատճառով, որ նրանք միշտ մնում են իրենց նախնիների ստվերների հետ»:
«Նրանք խոսում են ինչպես մայրենի, այնպես էլ այն երկրի լեզվով, որը նրանց օթևան է տվել: Եվ ես գիտեմ, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ցանկանում են իրենց համար վերագտնել հայրենի երկիրը՝ Հայաստանը», - ասել է Դեպարդյեն:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին՝ դերասանը նշեց, որ այդ գործընթացն արդեն սկսվել է: Ձեռնպահ մնալով «քաղաքական թավուտների» մեջ մխրճվելուց՝ նա ընդգծեց, որ այս հարցում մեծ դեր կարող է խաղալ մշակույթը, որը թույլ կտա վերջնական որոշում ընդունել:
Մասնակցություն «Կարոտ» փառատոնին
Դեպարդյեն, ով հիմնականում Երևան էր ժամանել «Կարոտ» հայկական փառատոնին մասնակցելու նպատակով, պատմեց Հայաստանի հետ կապված իր հետագա ծրագրերի մասին:
«Ես գիտեմ, որ երկիրը նպատակաուղղված է ապագային, և իմ նպատակն է ներկայացնել այնպիսի Հայաստան, որը շատ արագ տեմպերով ընթանում է առաջ՝ չմոռանալով բոլոր հին վերքերը», - Երևանում շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանը:
«Իհարկե, ֆրանսիացիների համար «Կարոտ» բառը մի տեսակ տարօրինակ է հնչում, քանի որ ֆրանսերեն նշանակում է «գազար», սակայն հայերենից թարգմանաբար նշանակում է «նոստալգիա», իրական նոստալգիա, որն իսկապես խոսում է արմատների մասին... Կարծում եմ, որ այն ճիշտ անվանում է, քանի որ 7 միլիոն հայ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և միայն շուրջ երեք միլիոնն է բնակվում երկրի տարածքում», - ասել է Դեպարդյեն:
Ինչպես նշեց դերասանը, արտերկրում բնակվող հայերը պահպանել են իրենց արմատները, և փառատոնի անցկացումը վերականգնում է հայ ժողովրդի հնագույն մշակութային ավանդույթները:
Ֆիլմ Հայաստանի և հայերի մասին
Դեպարդյեն նաև հայտնել է, որ ցանկություն ունի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին՝ նշելով, որ Հայաստանը բացառիկ և շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև՝ հարուստ պատմություն:
Դեպարդյեն հիշեցրել է, որ իր վերջին ֆիլմը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում, ինքը նկարահանել է Ղազախստանում: Նրա խոսքերով՝ ֆիլմը պատմում է քոչվորների մասին և ներկայացնում է գերմանական արմատներ ունեցող մարդկանց պատմությունը, որոնց արտաքսել են Ղազախստան, և նրանք մնացել են այդ երկրում, քանի որ այդ կյանքը և երկիրը, այդ թվում նաև քոչվորությունը նրանց դուր է եկել: Ինչպես կարծում է դերասանը, նման պատմություններ կարելի է գտնել ամենուր:
Նա նշել է, որ Հայաստանն իր մասշտաբով բավականին փոքր է Ֆրանսիայից՝ զբաղեցնելով ընդամենը 30 հազար քառակուսի մետր մակերես:
«Ես դեռ չեմ հասկանում, թե որոնք են հայերի դժվարություններն ու պահանջները, և ինձ համար ցանկացած պատմություն լավն է: Շատ ուրախ կլինեմ ֆիլմ նկարահանել, որը կպատմի Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին, և հայկական արմատներով ֆրանսահայ դերասանների հետ կաշխատեմ», - ասել է Դեպարդյեն:
Ներկայացնելով նախնական սցենարը՝ դերասանը նշել է, որ պատմությունը կսկսվի մի երիտասարդից, ով ապրում է Ֆրանսիայում ու երբևէ չի տեսել Հայաստանը: Այն պատկերացնում է այնպես, ինչպես պատմել են տատն ու պապը, նախնիները: Ի՞նչ են պատմել. ցեղասպանություն, այդ սարսափները:
«Պատկերացրեք, որ այդ երիտասարդ հայը ինձ բերում է Հայաստան, սկսում ներկայացնել` ինչպես ինքն է պատկերացնում: Սա արդեն բավարար է մի ֆիլմ նկարահանելու համար, որ ցույց տաս, թե Հայաստանն այսօր ինչպիսին է», - ասել է Դեպարդյեն:
Սիրելի դերերը
Իր սիրելի դերերի թվում Դեպարդյեն նշեց Սիրանո դե Բերժերակի դերը՝ ընդգծելով, որ սիրում է նաև Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի իր դերասանական աշխատանքները:
«Ընդհանուր առմամբ սիրում եմ դասական գրականության հերոսների իմ դերերը՝ Ալեքսանդր Դյումայի, Վիկտոր Հյուգոյի և այլոց վեպերը: Կարծում եմ, որ նմանատիպ հերոսներ կարելի է գտնել նաև հայկական գրականության մեջ», - ասաց Դեպարդյեն:
Ինչպես կարծում է դերասանը, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործութոյւններով կարելի է այնպիսի հերոսներ ստեղծել, որոնք կարող են օրինակ ծառայել մարդկանց համար:
«Այսօրվա դրությամբ հեռուստատեսությունն այն միջոցն է, որը հասանելի է բոլորին, դա այն պատուհանն է, որ կա յուրաքանչուրի տանը, և, հետևաբար, մենք կարող ենք մեր խոսքն ուղղել հեռուստատեսության միջոցով», - ասել է Դեպարդյեն:
Ռուսական մշակույթի ազդեցությունը
Խոսելով ֆրանսիական կինեմատոգրաֆի վրա ռուսական մշակույթի ազդեցության մասին՝ Դեպարդյեն նշեց, որ մշակույթների հանդիպումն ամենաանհրաժեշտ բանն է: Հայտնի դերասանն ընդգծեց, որ հենց մշակույթն է թույլ տալիս վերացնել տգիտությունը, այն, ինչ ստեղծում է լարվածություն, ռասիզմ, իսկ մշակույթը, երաժշտությունն ու արվեստը թույլ են տալիս խուսափել ռասիստական, խտրական փոխհարաբերություններից:
Նա նաև իր սերն արտահայտեց ռուսական գրականության, ռուսական մշակույթի նկատմամբ: «Գիտեմ, որ Ռուսաստանում ոչ միանշանակ են վերաբերվում Դոստոևսկուն և, այնուամենայնիվ, նա առաջին գրողն է, ով բացեց իմ աչքերը: Ես նաև շատ եմ սիրում Պուշկինին», - ասել է Դեպարդյեն:
Նա ավելացրել է, որ հիմա աշխատում է Ռասպուտինի կերպարի վրա՝ այնպիսին, ինչպիսին նա եղել է մինչև 1914 թվականը:
Դերասանը տեղեկացրել է, որ վերջերս գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ Մարինյն թատրոնում աշխատել է Վալերի Գերգիևի հետ և հիմա վերադարձել է Զալցբուրգից, որտեղ Ռիկարդո Մուտիի հետ պատրաստվում է «Իվան Ահեղ» օպերայի բեմադրությանը:
«Ես պաշտում եմ ռուսական մշակույթը, երաժշտությունը, գրականությունը: Պետք է նաև նշեմ ռուս պոսմոդեռնիստական նկարիչներին, որոնք պարզապես անհետացան, քանի որ չէին համապատասխանում այն ժամանակվա կոմունիստական գաղափարախոսական ռեժիմին, ինչպես Գերմանիայում այրվեցին ավանգարդիստ- նկարիչները», - ասել է Դեպարդյեն:
Նա այս ամենը համարեց մշակութային ցեղասպանություն և նշեց, որ նման օրինակներից խուսափելու նպատակով երկներն, առաջին հերթին, պետք է մշակութային փոխհարաբերություններ և մշակութային կապեր հաստատեն, որոնք ազատություն են խորհրդանշում:
Շփվելով լրագրողների հետ և լուսանկարվելով նրանց հետ՝ Դեպարդյեն հատկապես նշեց, որ Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են:
Դեպարդյեի այցը տևել է ընդամենը երկու օր, դերասանը Հայաստանից մեկնել է սեպտեմբերի 5-ին:-0-
